Այս էջը հաստատված է

Սարգիսին, որ զիրենք ղրկեց Բարպա Խաչիկին՝ քովի տանը կահավորված սենյակները վարձելու համար:

Ժամը երկուքին ժամանակները Բարպան տուն վերադարձավ։ Անոր համար տաժանելի էր գործի օրով պարապ դեգերել սրճարանները և մյուս կողմե կզգուշանար Զարեհ էֆենդիին հանդիպելու, որ անշուշտ, իրենց երեկվան խոսակցութենեն հետո, արհեստանոցի փակման դրդողը զինքը պիտի համարեր։ Բայց ամենեն շատ անտանելի էր Բարպային համար զգալ, որ արհեստավորներեն ոմանց մեջ իր նկատմամբ եղած վստահությունը աղոտացած էր։

Մինչև տուն հասնիլը, ճանապարհին մինակ քալելով, Բարպա Խաչիկը մտածեց պատահած դեպքերուն վրա։ Առաջին անգամը չէր, որ Դըրջանը կամ Ճիզվիտը որևէ պատրվակով կփորձեին որոմ ցանել երկու ազգություններու պատկանող արհեստավորներու մեջ։ Այս անգամ Դըրջանը հաջողեր էր Ապոստոլը դարձնել տալ հայերու զոհ, և այդ գաղափարին տարածողը հանդիսացեր էր Միխայիլը։ Ո՞վ էր Միխայիլը, ո՞ւրկից կուգար, ի՞նչ նպատակով մտեր էր իրենց արհեստանոցը։ Քանի մը շաբաթ առաջ արհեստանոցը մտեր էր Գալուստ անունով ատաղձագործ մը, որ նույնպես սկսեր էր առանձին խոսիլ հայերու հետ, իբրև թե «գաղտնի» խնդիրներու վրա, և հույները դուրս պահել արհեստավորներու հավաքույթներեն։ Բայց Ղուկասը, առաջին անգամ, որ Գալուստի կողմե նախատական խոսք լսեր էր հույն աշկերտի մը ազգության ուղղված, առանց այլևայլի ճամփեր էր։ «Նույնը պետք է ընել Միխայիլի վերաբերմամբ», մտածեց Բարպան։

Այդ բոլորը շատ պարզ էր, և Բարպան կզգար, որ ավագ ընկերներու հետ կհաջողեր ստեղծված պղտոր մթնոլորտը մաքրել, բայց Հերակլի խոսքերը արհեստանոցի փակման բոլորովին ուրիշ դրդապատճառ երևան կբերեին։ Բարպան խորապես համոզված էր, որ Հերակլը իրավացի էր։ Հերակլը հին վարպետ էր, փորձված, վստահելի. անիկա կապ չուներ Միխայիլի հետ, բայց ան ալ կողմնակից եղեր էր