⁂
Քանի մը օր ետքը Միհրանին մայրը մեռավ։ Ուղղակի չիմացուցին Միհրանին այդ տխուր լուրը, բայց անիկա անմիջապես հասկցավ։ Իրիկունը Բարպան գործատեղիեն վերադարձավ սովորականեն կանուխ և Վիկտորյայի հետ փսփսալով խոսակցեցան. Վիկտորյան երբեմն խուսափուկ նայվածք մը կնետեր Միհրանին վրա և հունարեն կմրմնջեր՝ թաց աչքերը սրբելով.
— Վա՜խ քայմենի, վա՜խ քայմենի․․․
Հետո Բարպան Միհրանին առաջարկեց միասին դուրս ելլել. պատանին հագվեցուցին խնամքով, նոր գնած եվրոպական զգեստով. Վիկտորյան իր ձեռքով Միհրանին մազերը սանտրեց, օդըկոլոնով ողողելե հետո։ Երբ Բարպան և Միհրանը փողոց դուրս եկան, հակառակ որ պատանին արդեն տասնմեկ տարեկան էր, Բարպան հետը կվարվեր ինչպես եթե փոքր երեխա ըլլար։ Ան ձեռքեն կբռներ՝ մեկ մայթեն մյուսն անցնելու համար, և կարծես հանկարծ պատանին դյուրաբեկ դարձած ըլլար, մորեղբայրը կմտահոգվեր, երբ անցորդ մը անոր դիպեր կամ ոտքը թեթև մը սայթաքեր։ Կարծես աննշմարելի սպառնալիք մը կսավառներ քեռորդուն վրա, և երբ անոր աչքերը Բարպայի խաժ աչքերուն կհանդիպեին, Միհրանը կզգար, որ անոնց մեջ մի ինչ-որ զսպված անսահմանելի բան կար, որ Բարպան երկչոտ կդարձներ իրեն հանդեպ։ Կարծես թե մեծ անարդարություն մը գործված էր Միհրանին հանդեպ և կուզեր այդ դարմանել։ Ամեն անգամ, որ շրջուն վաճառողի մը կհանդիպեին, Բարպան տղուն ձեռքը բռնելով կանգ կառներ և կըսեր.
— Կուզե՞ս, Միհրանի՛կ, քեզի սիմիթ առնեմ, կամ շաքար առնեմ։
Սկիզբները Միհրանը կմերժեր, բայց նշմարելով Բարպային տխրությունը, հետզհետե համաձայնեցավ՝ միմիայն անոր բավականություն տալու համար։ Միհրանին գրպանները լեցվեցան շաքարեղեններով և չոր միրգերով, և երկու ձեռքերը բեռնված էին սիմիթներով ու կարկանդակներով։