աշխատանոցը փակելու, որպես բողոքի ցույց։ Բարպան ինքն ալ դեմ չէր ըլլար այդ ցույցը ընելու, եթե ֆրանսիական դեսպանատան պատվերը չըլլար։ «Ժամանակը չէր», մտածեց անիկա և խորապես ցավեցավ, որ առիթը կփախցնեին իրենց արհեստավորներու հյուները ցույց տալու եվրոպացիներուն։
Երբ Վիկտորյան այդ ժամուն Բարպան տեսավ, նախ մտահոգ եղավ և հետո լսելով, որ արհեստանոցը փակ էր, մասամբ հանգստացավ։
Բարպան սենյակ բարձրացավ, և Վիկտորյան հուշիկ քայլերով հետևեցավ անոր և անմիջապես հայտնեց, որ քովի տունը վարձվորներ եկեր են և գրեթե համաձայներ էին։
Բարպան նախ խոժոռեցավ. մի՞թե չէր հայտներ Վիկտորյային, որ այդ սենյակները արդեն խոստացված էին ուրիշին. ալ ինչո՞ւ բանալին տալ։
— Բարպա՛,— ըսավ Վիկտորյան փաղաքշական ձայնով և գլուխը հակած ուսին,— Բարպա՛, եկողները ֆրենկ են,— և սկսավ չարաճճի ժպիտով նայել ամուսնույն։
— Ի՞նչ ֆրենկ,— ըսավ Խաչիկը, դեռ չուզելով զինաթափ ըլլալ,— թաթլը սու ֆրենկի․․․ պետք չէ։
— Ֆրենկ են,— պնդեց Վիկտորյան,— ֆրանսըզ են. կեսլեզու հունարեն մը կխոսին կոր․․․ մարդուն անունը մոռցա, բայց կնոջը անունը Ժոզեֆին է։
Բարպային դեմքը հանկարծ պարզվեցավ և հազիվ զսպված գոհունակությամբ հարցուց.
— Տունին հավնեցա՞ն։
— Հավնած կերևան,— ըսավ Վիկտորյան,— բանալին ետ չտվին, ըսին, որ շուտով կուգան։
— Ե՞րբ պիտի գան,— հարցուց Բարպան՝ ավելի ուշադիր հետաքրքրությամբ։
— Ես ի՞նչ գիտնամ,— ըսավ Վիկտորյան,— վաղը, մյուս օր կուգան։
Բարպան նստեցավ բազմոցին անկյունը, և Վիկտորյան սկսավ սեղանը դնել։ Միհրանը կօգներ անոր։ Վիկտորյան կերթար խոհանոց, կուգար սենյակ և կշարունակեր խոսիլ: