Հանկարծ, կարծես իր մտածումին պատասխանելով, պողպատի գույն օտար զրահավոր մը հայտնվեցավ, որ դանդաղորեն կհառաջանար։
Այդ միջոցին Բարպան լսեց, որ զինքը կկանչեին։ Դարատափի մը ծայրին, ծառերու խիտ հովանիին տակ, սեղանի մը շուրջ նստեր էին հույն և հայ արհեստավորներ, որոնցմե Ղուկասը անջատվեր էր՝ իրեն ձայն տալու համար: Բարպան գնաց դեպի խումբը և ընդհանուր բարև մը տվավ: Անմիջապես իրեն տեղ տվին, և նստեցավ, դեմքը դարձնելով դեպի Վոսփորը։ Այլևս զրահավորը չէր տեսնվեր, որովհետև դարատափներեն մեկուն պուրակները կծածկեին տեսողության դաշտը։ Բայց Բարպան կտեսներ դիմացի ափունքը, Բեյլերբեյի սիրուն ապարանքը, որուն տեսքը կծփար երերուն կոհակներուն մեջ։ Հետո, դեպի վար, բացաստանի մը ընդմեջեն, Բարպան գտավ եվրոպական ափունքը՝ լայնանիստ մզկիթի մը գմբեթով և մինարեներով, որոնց ճերմակ սլացումին կընկերանային սև նոճիներ։
Բարպայի խոհուն դեմքը տեսնելով, բանվորները լուռ մնացին և ակնարկով իրար հրավիրեցին՝ խոսք բանալու: Վերջապես, Հերակլը ընկերներու կողմե սկսավ խոսիլ։
— Բարպա՛,— ըսավ անիկա լուրջ շեշտով,— այսօր շատ խառն օր էր. մենք ալ բան մը չհասկցանք անցած֊դարձածեն, դուն ալ չհասկցար։ Մեկ բան մը կա ու կմնա։ Բարպա՛, մենք ամենքս, մեծով-պստիկով, քեզ կհարգենք, քեզ կսիրենք, դուն մեր ամենուս Բարպան ես․․․
Բարպա Խաչիկը՝ խորապես հուզված, լուռ կլսեր. անիկա գրպանեն մետաղյա տուփը հանեց և սկսավ սիգարեթ մը ոլորել։
— Մենք այսօր,— շարունակեց Հերակլը,— քու երթալեդ հետո շատ խոսեցանք անցած֊դարձածի մասին. այդ կռիվը ըլլալու չէր, մնացած խնդիրները պարզ են։ Բայց ատ ջահել հայերը չափը անցուցին։
— Ի՜նչ,— միջամտեց Ղուկասը,— հայե՞րը չափը անցուցին, թե հույները։
Բարպան՝ սիգարեթը վառելով, նշան մը ըրավ Ղուկասին և ինքը դառնալով Հերակլին, ըսավ.