իրար շփելով,— ամեն ինչ կարգադրված է. վաղը առավոտ երկու ընկերներու հետ ես ինքս պիտի հսկեմ, որ արհեստանոցը բացվի:
— Դուք ինչո՞ւ համար կգոցեք կոր,— հարցուց Բարպան՝ հարցական ակնարկը ուղղելով երիտասարդին։
— Ինչո՞ւ․․․— ըսավ անիկա,— նույն պատճառին համար. վաղը Ապոստոլին հուղարկավորությունն է, ամենքս ալ պիտի երթանք. չի մոռնամ ըսելու,— հարեց անիկա դառնալով իր ընկերներուն,— հանգանակություն պիտի ընենք ծաղկեպսակներու համար։
Հետո անիկա ավելի հանդարտ խոսելով պատմեց, որ ամեն ինչ պարզված է իրենց համար։ Վասիլը տեղեկացեր և հայտներ էր բանվորներուն, որ Միխայիլը Դըրջանին մարդն էր. այս վերջինը դրդեր էր Միխայիլը Զարեհի հույն արհեստավորները գլխե հանել և արհեստանոցը փակել տալ, որպեսզի Ճիզվիտին ստացած պատվերը իր արհեստանոցը մտնե։
— Ճիշտ չէ՛,— գոռաց Հերակլը,— մենք այսպես բան չենք գիտեր, մենք Միխայիլին խոսքով շարժող մարդիկ չենք։ Արհեստանոցը փակեցինք բողոքի համար, կուզեք հավատացեք, կուզեք մի հավատաք։
— Ես գիտեմ,— ըսավ երիտասարդը,— բայց այդ բոլորը այնքան խառնված են իրարու, որ արաբի մազ է, կատարյալ թնջուկ։ Բողոքի՞ համար էր, լա՛վ, մենք ալ կփակենք, և թող Ղըրջանը և Ճիզվիտը իրենց մեջ եղած հաշիվները մաքրեն։ Մեզի ի՞նչ։ Մեր հաշիվները ուրիշ են։
Այդ միջոցին երևցավ Վասիլը։
Բարպան իր քովը տեղ տվավ Վասիլին։ Կարծես թե հանկարծ սիրտը թեթևցած էր, որովհետև Վասիլի մասին իր մտածումները պարզվեր էին։ Անիկա, իր ոգևորությանը մեջ, կանչեց սպասյակը և պատվիրեց գարեջուր, օղի և տեսակ–տեսակ մեզեներ։ Անիկա ուղղակի ոչ մեկ խոսք չէր ըներ Վասիլին, իր գոհունակությունը հայտնելու համար, բայց ոչ միայն Վասիլը, այլև ամենքը կզգային, որ Բարպան ուրախության մեջ է, և բերկրանքով կպատասխանեին անոր ուրախության։