Այս էջը հաստատված է

ամեն ինչ կտեսներ ուրիշ աչքերով, և ամեն ինչ խոր իմաստ մը կստանար իրեն համար։

Հանգստանալու և ուրախանալու ոչ մեկ առարկայական պատճառ չի կար, ընդհակառակը։ Քաղաքին մեջ կշրջեին զանազան մտահոգիչ լուրեր, քաղաքական մթնոլորտը պղտոր էր, գործերը սակավցեր էին, և նույնիսկ գործազրկության սպառնալիքը կախված էր անխտիր իրենց գլուխներուն վրա։

Ապոստոլի հուղարկավորությունը կատարվեր էր ցուցարար շուքով։ Դըրջանը, իր լարած ծուղակին մեջ իյնալով, երբ այդ օրը իր արհեստանոցն ալ փակ գտեր էր, ինկեր էր կատաղության այնպիսի գերագրգռության մեջ, որ սկսեր էր կակազել։ Արյունը խուժեր էր գլուխը և կխեղդեր զինքը։ Շտապով կանչված բժիշկը հազիվ փրկեր էր Դըրջանին կյանքը, առատ արյուն առնելով:

Հուղարկավորության օրը, թաղումեն անմիջապես հետո, ֆեսադ Միխայիլը, քանի մը պալիքարյաներու հետ, երևցեր էր Բալըգլըի հունաց գերեզմանատունը՝ հարբած վիճակի մեջ և փորձեր էր կռիվ փնտրել հայ արհեստավորներու հետ, բայց հայ թե հույն, փորձված և տարեց արհեստավորները միջամտեր էին և ցրել էին Միխայիլի խումբը։ Հուղարկավորներեն շատերը նույնիսկ չէին անդրադարձեր, թե բան մը պատահեցավ, որովհետև արհեստավորները դեմիրճի Հակոբի ղեկավարությամբ «մաքուր գործ տեսեր էին»։

Բայց Միխայիլի ազդեցությունը դեռ նկատելի էր երիտասարդ հույներու մեջ, ինչպես նաև անհետացած Գալուստի ազդեցությունը կարծես վերակենդանացեր էր։ Սրճարաններու և այլ հավաքատեղիներու մեջ հայ և հույն երիտասարդները միտում ունեին առանձին խումբեր կազմելու և բաներ մը կփսփսային իրարու ականջին։ Լրտեսներ և գաղտնի ոստիկաններ, դեռ անհամարձակ, բայց արդեն իսկ սկսեր էին սլքտալ այդ վայրերու շուրջը և վերջին ժամանակները նույնիսկ կմտնեին սրճարանները, առանձին կնստեին և թեև չէին հաջողեր հարաբերության մեջ մտնել հաճախորդներուն հետ, բայց հայտնի էր, որ անոնք կապեր ունեին սպասյակներուն հետ, թայց մանավանդ, սրճարանի տերերու հետ։