— Կե՛ր, Միհրանի՛կ, կե՛ր,— կըսեր Բարպան մեղմ ձայնով։
Բայց Միհրանին կոկորդը սեղմված էր և թուքը անգամ չէր կարող կուլ տալ։ Անսահման և անդարմանելի դժբախտության մը զգացումը քարացած էր անոր սրտին վրա։ Կուզեր գոռալ, բառաչել և հեծկլտալով լալ․ բայց աչքերը չոր էին, և շրթները կտոչորեին տենդով։ Անոր աչքին չէր երևար այն մանրակրկիտ հոգածությունը, որով շրջապատված էր և որուն սովոր չէր, քանի որ խեղճ ծնողները ո՛չ միջոց ունեին և ո՛չ ալ ժամանակ իրմով զբաղելու, բայց անդիմադրելի պահանջ ուներ տուն վերադառնալու, մայրիկին գիրկը նստելու և, երեսը դրած անոր կուրծքին, զգալով անոր քրտինքի հոտը, մորը հատուկ հոտը, հեկեկալով արտասվելու, ինչպես այդ կըներ մանուկ եղած ատենը։ Բարպան և Միհրանը հասան վերջապես Բոմոնթիի գարեջրատունը։ Եվրոպական երաժշտախումբ մը կնվագեր։ Իրենց դեմ կբացվեր Վոսփորի համայնապատկերը իր բոլոր շքեղությամբ, և այդ երաժշտությունը, ինչպես նաև բնության գեղեցկությունը պատանիին կթվեին անգութ, քանի որ ավելի կշեշտեին իր դժբախտության դառն զգացումը։
Բայց հակառակ իր տարիքին Միհրանը կանխահասորեն խոհուն դարձեր էր։ Ջղերը լարած, անիկա որոշեր էր չի հայտնել, որ գիտե, և քանի որ իրմե կծածկեին մորը մահը, թող այնպես կարծեին, որ ինքը չգիտե, ու այդ նպատակը իրագործելու համար ըրած ջանքերը պատանին փրկեցին փխրուն հուզմունքներեն։
Հետևյալ առավոտ, կանուխ, Բարպան հագավ իր տոնական սև կոստյումը և պատրաստվեցավ մեկնելու, բայց վերջին րոպեին ըսավ կնոջը.
— Վիկտորյա՛, Միհրանը շուտ հագվեցուր, տանիմ Սոֆիցային։ Թող մինչև իրիկուն խաղա Յորկիին հետ։ Արդեն անոնց տունեն պիտի անցնիմ, Վասիլը հետս պիտի գա։
Մինչև իրիկուն Միհրանը Յորկիին հետ խաղաց տանը և փողոցին մեջ։ Յորկին, ընդհանրապես, բծախնդիր կերպով իր իրավունքները կպաշտպաներ խաղի մեջ, բայց այդ օրը կարծես դիտմամբ կթողուր, որ Միհրանը շահի, և երբ