Այս էջը հաստատված է

Արհեստավորները՝ զզված այդ երևույթներեն, ուզեր էին լքել իրենց ընտանի վայրերը, բայց ուրիշ սրճարաններու մեջ ավելի վատ կացության հանդիպեր էին։

Բարպան սրտնեղությամբ կմտածեր այս բոլորին, բայց միտքը երկար կանգ չէր առներ և կընկղմեր իր տարտամ երազանքին մեջ։ Միակ բանը, որ իր ուշադրությունը կհաջողեր սևեռել, Զարեհ էֆենդիի այն օրերուն ունեցած տարօրինակ վարմունքն էր։

Երկու օր արհեստանոցը փակ պահելե հետո, երրորդ օրը բացեր էին։ Բարպան մտահոգվեր էր, մտածելով այդ դեպքերեն հետո Ճիզվիտի հետ առաջին հանդիպման վրա, մանավանդ որ դեսպանատան նորոգելիք կառքը մտեր էր Դըրջանին արհեստանոցը, բայց իրենց այդ հանդիպումը եղեր էր բոլորովին տարբեր, քան Բարպան կկարծեր։

Ահա թե ինչ պատահեցավ։

Կղզիին մեջ Բարպայի հետ ունեցած տեսակցութենեն հետո Զարեհ էֆենդին հետևյալ օրը խոհեմություն համարեց չերևալ գործատեղիին մեջ։ Անիկա համոզված էր, որ Բարպան բավականին լարված էր, և այլևս ան կկատարեր ինչ որ հարկն էր։ Վստահ էր, որ ֆրանսիական դեսպանատան խոսքը ընելով, խորտակեր էր Բարպայի դիմադրությունը։

Ուրեմն, միայն հետևյալ օրվան երեկոյին Զարեհ էֆենդին լսեց, որ իր արհեստանոցը փակ մնացեր էր։ Անիկա ապշած մնաց և չի կրնալով ըմբռնել կացությունը, լուր ղրկեց Կյուլենցին, որ գա զինքը տեսնա։ Հետևյալ օրը Զարեհ էֆենդին լսեց արդեն հայ և հույն բանվորներու մեջ հառաջ եկած վեճը և նաև իմացավ, որ արհեստանոցը փակվեր էր Բարպայի կամքեն անկախ և թե այդ գործին մեջ Դըրջանին մատը կար։

Կյուլենցը հետևյալ իրիկունը իսկ եկավ կղզի և հայտնեց, որ Զարեհ էֆենդիի արհեստանոցի բանվորներու «գործադուլը» վատ տպավորություն ըրեր էր դեսպանատան մեջ։ Դեսպանատան գործերու կառավարիչը, որուն մայրը հույն էր և անտարակույս կաշառք ստացեր էր Արիստաքիեն, ըսեր էր Կյուլենցին՝ գործադուլին ակնարկելով. «Ես այդ չեմ սիրեր»։ Մտադրեր էր նորոգելիք կառքը ղրկել Արիստաքիին,