Այս էջը հաստատված է

հավանականությունները և կսպասեր, որ անոնք հավասարվին իր շահերուն: «Եթե Հունաստանը իբր թշնամի ներկայանար, Արիստաքիի բանը բուսած էր, բայց եթե բալկանյան երկիրները, և հետևաբար Հունաստանը, պիտի հաղթեին․․․ Դըրջանը․․․ բայց մինչև պատերազմի վախճանը Դըրջանին գործը կարգադրված կըլլա արդեն,— կմտածեր Զարեհ էֆեդին,— իսկ մյուս կողմե բալկանյան երկիրներու հաղթանակը հայերու հացին յուղ կքսե․․․ և Զարեհը կքաղե Հունաստանի հաղթանակին պտուղները», մտածեց Ճիզվիտը անբավ հրճվանքով։

— Արդյունքի մասին ոչ մեկ կասկած,— կըսեր Վահեվանյանը Կյուլենցին, ակնոցը տեղավորելով քիթին վրա,— միայն երկընտրանք մը կա: Պետք է ընդունիլ միայն Ռուսիո՞ վերահսկողությունը, թե եվրոպական պետություններունը, որը Գերմանիո տեսակետն է։ Այդ է միայն հարցը։

Վահեվանյանը կողմնակից էր ցարի կառավարության առանձին վերահսկողությանը և տվավ շարք մը հայ երևելիներու և անվանի մարդոց անունները, որոնք Ռուսաստանի վերահսկողությունը կհամարեն անմիջական և գործնական։ Ոմանք նույնիսկ հիմակվընե նախապատրաստական աշխատանք կկատարեին, անշուշտ գաղտնապես, ռուսական դեսպանատան հետ։

Զարեհ էֆենդիին կշիռքի նժարները կրկին ճոճումներ ունեցան, բայց անիկա վճռեց, որ նախ ռուսական տեսակետին կողմնակից կըլլա և հետո կտեսնե․․․

Ահա թե ի՞նչ պատճառներով, երբ Զարեհ էֆենդին Ապոստոլի թաղումին հաջորդ օրը եկավ գործատեղին, Բարպային հանդիպեցավ ժպտուն և սիրալիր։ Նույնիսկ, կարծես թե, իր հավանությունը հայտնեց արհեստանոցի փակման համար։

— Ատիկա քիչ մը չափազանցություն էր, բայց հոգ չէ,— ըսավ Բարպային։— Տղաքը ուզեր են խեղճ Ապոստոլին հիշատակը հարգել, աղեկ ըրեր են, մենք ալ մարդ ենք, զավկի տեր ենք, կհասկնանք այդ բաները։ Մորը համար մխիթարություն մըն է․․․ Հա՛,— ըսավ ան կարծես հանկարծ