Այս էջը հաստատված է

փողոցի տղոց հետ խաղի մասին կռիվ եղավ, Յորկին պաշտպանեց Միհրանը ամենուն դեմ ու հագուստները պատռտած, քիթը-բերանը արյունոտ, իր մարմնովը պաշտպանելով ընկերը, նահանջեց տուն, և ինչ որ նույնպես անսովոր թվաց Միհրանին, մայրը ոչ մեկ հանդիմանական խոսք չուղղեց ո՛չ տղուն և ո՛չ ալ իրեն։

Հակառակ որ Բարպան և Վասիլը մտերիմ ընկերներ էին, և «եղբոր պես են» կըսեր Վիկտորյան գորովագին հուզմունքով, Վիկտորյան երբեք չէր երթար անոնց տունը։ Երկար ատեն Միհրանին համար անհասկնալի մնացսծ էին այդ երկու ընտանիքներու հարաբերությունները։ Անոնք իրար կսիրեին և իրարմե կզգուշանային։ Երբ Վիկտորյան Վասիլին կհանդիպեր դիպվածով, փողոցը կամ շուկային մեջ, երեսը անդին կդարձներ և չտեսնելու կուտար, բայց և միևնույն ատեն կմատնվեր բուռն հուզմունքի։ Շրթները կդողդղային, դեմքը կդժգուներ, և այսուամենայնիվ գորովանքի խոսքեր կմրմնջեր Վասիլի հասցեին. երբեմն ալ խոր կհառաչեր և Միհրանին կըսեր, ձեռքով տարտամ շարժում մը ընելով.

— Է՛հ, Միհրանի՛կ, երբոր մեծնաս, կհասկնաս, թե ի՛նչ տեսակ-տեսակ ցավեր կան աշխարհիս վրա։

Միհրանը դիտեր էր նաև, որ Վիկտորյան միշտ սիրով և խանդաղատանքով կխոսեր Վասիլի կնոջ՝ Սոֆյայի մասին և անսահման գթություն ուներ անոր նկատմամբ, ըսելով, թե ծնած օրեն դժբախտ էր, իբր թե դժբախտությունը հարատև վիճակ մը ըլլար անոր համար։ Դիտեր էր նաև, որ երբ Վիկտորյան և Սոֆիցան իրարու հանդիպեին, նախ գաղտագողի կնայեին շուրջ բոլորնին և երբ վստահ ըլլային, որ ծանոթ մարդ չկա, իրարու վիզ կնետվեին, կարոտով իրար կհամբուրեին և արցունքոտ աչքերով կխոսակցեին իրար հետ. ու Վասիլի անունը երկու կանանց շրթներուն վրա կարտասանվեր սիրով, հուզումով և տեսակ մը զսպված երկչոտությունով։

— Ինչո՞ւ, ինչո՞ւ,— կմտածեր Միհրանը և չէր կարող լուծել այս կացության առեղծվածը,— ինչո՞ւ Սոֆիցան իր ծնած օրեն դժբախտ է և ինչո՞ւ Վասիլը անհաշտ ոխ ունի Վիկտորյային համար։ Ինչո՞ւ, քանի որ իրար կսիրեն, իրարու