ոտքը հետզհետե քաշվեր էր ֆրանսիացիներուն Բարպայի տունը հաճախելեն ի վեր, բայց ո՛չ Բարպան և ոչ ալ Վիկտորյան դեռ չէին անդրադարձեր այդ բանին, ամբողջովին կլանված ըլլալով իրենց նոր դրացիներով։
Վիկտորյան օրվան մեջ մաքրեր էր և ոսկիի պես փայլեցուցեր էր պղինձե վառարանը, որ դրված էր կարմիր խորքով գորգին վրա, և երբ փայտածուխի կրակը պատրաստվեցավ, Վիկտորյան բարակ մոխրով ծածկեց կրակները և կրակարանի մեջի մասը բերավ զետեղեց իր տեղը։ Սենյակին մեջ ծավալեցավ մեղմ տաքություն և կնդրուկի հոտ։ Վաղեմի սովորությամբ, Վիկտորյան կուզեր խունկ ծխել, բայց Բարպան չէր կրնար հանդուրժել խունկի հոտին։
Ամեն ինչ պատրաստ էր, երբ եկավ Էմիլը։ Անիկա շատ փոխված էր. ամենօրյա հարաբերության մեջ ըլլալով Բերա-Պալասի հաճախորդներուն հետ, անիկա ոչ միայն տեղյակ էր քաղաքական անցուդարձերուն, այլ նաև շարք մը կուլիսային գործերու։ Երբեմն ինքն ալ իր խոսքը կարձակեր և միշտ ծիծաղ հառաջ կբերեր։ Իր մեջ վերակենդանացեր էին փարիզյան մայթերու վրա հոսող սրամտությունները, և իր շարժումներու արագության հետ անիկա վերստին ստացեր էր մտածողության արագությունը և տեսակ մը գոռոզություն։ Էմիլը իր հաճախած սրճարաններու և հավաքատեղիներու մեջ գործնական կերպով ըմբռներ էր եվրոպացի ըլլալու առավելությունները Թուրքիո մեջ։ Անիկա կարող էր հրամայել, և անմիջապես կհնազանդեին իրեն, կարող էր անարդար կերպով սաստել, նախատել, և, շնորհիվ իր արտասանության, որուն օտարությունը կշեշտեր դիտմամբ, միշտ իրավունք կուտային իրեն։ Անիկա սովորություն ստացեր էր արհամարհել տեղացիները՝ «բնիկները», և անոնց հետ վարվիլ ինչպես հաղթահարված մարդոց հետ։ Այդ մանրուկ, շարժուն բիբերով մերիդիոնալը երբեմն առյուծ կդառնար և իր շահատակություններուն մասին ոչ միայն կխոսեր Ժոզեֆինին հետ, այլև իր հաճախորդներուն հետ, որոնց մեջ կզգար ավելի զուսպ, բայց շատ ավելի խոր արհամարհանք տեղացիներուն համար։
— Ինչ կուզես ըսե,— կբացականչեր անիկա երբեմն՝