Այս էջը հաստատված է

կնոջը հետ խոսելով,— ճշմարիտ է, որ սա կոկանյի երկիրն է․․․ Օրհնյալ մորեղբայր, գիտեր ինչ կըսեր․․․

— Ինձ մի խոսիր այդ ուղտի մասին,— կգոչեր Ժոզեֆինը սրտնեղած։

Բարպայի և Վիկտորյայի լայն հյուրասիրությունը նախ անհասկանալի երևցավ Բեռնարներուն։ Անոնք իզուր կորոնեին, թե այդ համեստ մարդիկը ի՞նչ անմիջական կամ հեռավոր շահ կրնային ունենալ իրենցմե, բայց հետզհետե այդ հյուրասիրությունը գտան բնական։ Անոնք արդեն թափանցեր էին այն կախարդական հմայքին, որ ֆրենկները կգործեին տեղացիներու վրա։

— Եվ հետո,— կըսեր Էմիլը,— քեզի կըսեմ, որ տանձ մըն է,— Բարպային ակնարկելով։

— Այնքա՜ն լավ մարդ է,— կպատասխաներ Ժոզեֆինը, ինչպես եթե երեխայի մը վրա խոսեր։

— Եվ ըսելու համար չէ, բայց քեզի աչք ունի։

Ժոզեֆինը կպաշտպանվեր այդ ենթադրության դեմ, բայց այդ ենթադրությունը ակամա զինքը կմղեր պչրանքով վարվելու Բարպային հետ։ «Երազս չէ,— կմտածեր ինքն իրեն,— բայց վերջապես բան մըն է»։

Բեռնարները շատ միտք կհոգնեցնեին նաև՝ գիտնալու համար, թե ի՞նչ նյութական միջոցներ ունեին Բարպան և Վիկտորյան, որոնք իրենց բոլոր ճարտարությունը կգործադրեին իրենց նյութական նեղությունը ծածկելու ֆրանսիացի դրացիներեն:

Իրիկուն մը Էմիլը ըսավ Ժոզեֆինին.

— Մարդուկը կըսե, որ ինքը կկատարե իր կապիկին նյութերու գնումները։ Կարող ես երևակայել, թե ինչքան անիկա թավալելու է այդ բաներու մեջ, նկատի ունենալով այս երկրի մարդկանց խորամանկությունը։

Բայց քանի մը շաբաթ հետո, Ժոզեֆինը իբր կարևոր տեղեկության հաղորդեց Էմիլին.

— Երևակայե, որ ոչինչ, բայց ոչինչ չունին բանքայի մեջ։

— Այդ միշտ կարող են ըսել,— առարկեց Էմիլը թերահավատությամբ։— Ուրեմն իր դրամը վաշխով կուտա։