Այս էջը հաստատված է

կըներ իրեն. հետո շիկնեցավ և սողոսկեցավ սենյակեն դուրս։

Բարպան և Էմիլը ջանք կընեին իրարու հետ խոսիլ. Միհրանը, որ դուրսի սրահը դաս կպատրաստեր, իրենց օգնության եկավ։ Բարպան հետաքրքիր էր պատերազմի լուրերու մասին:

— Պատերազմը անխուսափելի է,– ըսավ Էմիլը՝ աչքերը քթթելով. անիկա ստացեր էր արտահայտությունը մեկու մը, որ շատ բան գիտե, բայց քիչ բան կըսե։

— Ո՞ւր է Ժոզեֆինը,— հարցուց անիկա Միհրանին:

Միհրանը հայտնեց, որ Ժոզեֆինը գացեր էր գնումներ ընելու: Էմիլը դժգոհեցավ։

— Անպիտա՛ն կին,— ըսավ անիկա,— չի կրնար հրաժարիլ արդուզարդի ծախքերե. կին մը, սիրելիս,— դարձավ ան Բարպային,— անհրաժեշտություն է, բայց սուղի կնստի․․․

Բարպան կուզեր բան մը ըսել՝ չքմեղացնելու համար Ժոզեֆինը և մրմնջեց.

— Ժոզեֆինը լավ կին է։

— Հակառակը չեմ ըսեր։

Էմիլը կուզեր և բուռն շարժումներ կըներ, կարծես կնոջը լավության մասին թաքուն բաներ հասկցնելով, բայց Բարպան հանկարծ լրջացավ. անիկա կխորհեր, թե արդյոք պատերազմը ինչպե՞ս պիտի անդրադառնար գործերու վրա։

Այդ միջոցին Ժոզեֆինը եկավ։ Անիկա Վիկտորյային հետ շատախոսելով բարձրացավ սանդուղներեն, և դեռ դրսեն լսելի եղավ անոր ընտանի բացականչությունը.

— Օ՜Հ, լա՜, լա՜․․․

Հետո բուրմունքը սպրդեցավ ներս, և ահա ինքն ալ մտավ վերջին նորաձևության համեմատ, տպածո ֆուլարի մութ-կապույտ մետաքս հագուստով։

— Բոնժո՛ւր, մոսյո Հաշիկ․․․

Բարպան ոտքի կանգնեցավ և բարևեց և անիկա չէր կրնար աչքերուն հավատալ, որ այդ բարեկազմ, խարտյաշ և սիրուն ֆրանսուհին իր համեստ սենյակը կպատվեր իր ընտանությամբ: