Այս էջը հաստատված է

Եվ կատաղության նոպայի մը մեջ անիկա հագավ կոշիկները, ֆեսը դրավ և իջավ սանդուղներեն։ Երբ Վիկտորյան լսեց, որ փողոցի դուռը կփակվեր թունոտ աղմուկով, թողուց ձեռքի գործը և բարձրացավ սենյակ։

— Ի՞նչ կա, Միհրան, ո՞ւր գնաց Բարպան,— հարցուց անիկա դողալով։

— Չեմ գիտեր,— պատասխանեց Միհրանը,— բարկացած կերևար կոր։

Վիկտորյան պահ մը մնաց խոհուն և հետո Միհրանը գրկելով, սկսավ լալ՝ անվերջ մրմնջելով.

— Խե՜ղճ Բարպա․․․ խե՜ղճ Բարպա․․․

Օրը կիրակի էր, և ընդհանրապես կիրակի առավոտները Բարպան ուշ կելլեր անկողնեն, գիշերանոցով խոհանոց կիջներ, տաք ջրով կլվացվեր, հետո կբարձրանար սենյակ և սուրճը խմելե և նախաճաշը ընելե հետո կհագվեր և կերթար ածիլվելու։ Հետո հաճույքով, հանդարտությամբ և վստահությամբ, ինչպես մեկը, որ խորապես գիտե, թե իր ներկայությունը մեծապես ցանկալի է, կերթար այն սրճարանները, ուր կրնար ընկերներու հանդիպիլ: Այնտեղ, խոսակցություններու ընթացքին, կպատահեր, որ տարեց արհեսատվորներ վիճեին Բարպային հետ, բայց միշտ Խաչիկի խոսքը կշիռ կունենար։ Բարպան երբեք չէր գոռոզացած իր վայելած վստահությամբ, բայց այն օրեն ի վեր, որ զգաց իր ընկերներու վստահության մեջ աննշմարելի վարանում, խորապես վշտացավ և ինքն ալ իր կարգին դարձավ վերասլաց։ Անոր սիրտը կարծես փակվեր էր, և ճիշտ այն օրերուն, երբ ընկերները մատնվեր էին նյութական դժվարություններու — բարեկեցիկ արհեստավորներու լեցուն տուներն իսկ սկսեր էին պարպվիլ — և մտահոգ էին, մանավանդ, գալիք օրերու մասին, Բարպան կարծես թե բացակա էր, ամեն պարագային անիկա ցրված միտքով, գրեթե անուշադիր կլսեր ընկերներու գանգատները։