Այս էջը հաստատված է

արհեստավորները. անիկա կմտածեր, որ վերահաս չքավորության ներշնչած ըմբոստությունը պետք էր դարձնել տևական տրամադրություն, ինչպես իր մեջ էր, որպեսզի ինչ որ ալ պատահեր հառաջիկային, աշխատավորները շարունակեին սկսված գործը և իրավունքներ ձեռք բերեին։

Ճիշտ այդ օրերուն մայրաքաղաքի թերթերը արձագանք կուտային Բրուսայի և շրջանի մետաքսագործ բանվորներու գործադուլներուն։ Ղուկասը կհաճախեր Յուքսեր Կալդըրըմի պանդոկները և Ղալաթիո սրճարանները, ուր կլսեր մանրամասնություններ շերամապահ և մետաքսագործ շրջաններու մեջ տիրող հուզումներու մասին։ Դաժան գործատերեր, որոնք մեծ մասամբ հարուստ գյուղացիներ էին, համիդյան ռեժիմի օրով հաստատեր էին արդյունագործական կենտրոններ և չարաչար կշահագործեին իրենց աշխատավորները, որոնք հողազուրկ գյուղացիներ էին։ Օր մը Ղուկասը ըսավ Վասիլին, երբ անիկա կպատմեր Հունաստանի և Ռումելիի ծխախոտագործական շրջաններու մեջ հառաջ եկած գործադուլները։

— Կարդաշ, դուն ի՜նչ կըսես կոր. աստեղ մեր քիթին տակ ինչեր, ինչեր կպատահին կոր, մենք խաբար չունինք: Մարդիկ արյուն-արցունք կուլան կոր։ Ըսածներնուն նայելով, գործատերերը կնիկներ կբանեցնեն, օրական տասներկու, տասնչորս ժամվան աշխատանքի համար երկուքեն-չորս ղրուշ կվճարեն. տե՛ս, ատով ալ ատ գազանները չեն կշտանար կոր, մատղաշ չոճուխներ կաշխատցնեն կոր, օրական քսան փարայով, ամենեն շատը մեկ ղրուշով։

Վասիլը պահ մը մտախոհ մնաց և աչքերը քթթելով կարծես թե հաշիվ մը կըներ։

Ղուկասը իր խոսքը շարունակեց.

— Մետաքս մ'ըսեր, մ'անցնիր․․․— ըսավ անիկա խուլ ձայնով,— փիս արհեստ է. ատ բանվոր կիները և չոճուխները աստուծուն օրը շոգիի մեջ են, մատերնին ալ յաղըր կըլլա, որովհետև շարունակ եփուն ջուրի մեջեն թելը պիտի հանեն․․․ ան բոժոժ ըսածդ ալ կըսեն կոր քի լաղըմ կհոտի, քիթ չի դիմանար․․․

— Էրիկ մարդիկը ի՞նչ կընեն,— հարցուց Վասիլը։