չնչին գիներով կծախեին թաղերու և արվարձաններու մեջ, աղքատիկ բնակչության։
Այստեղ՝ Երրորդության շուկային մեջ, ձկնավաճառները իրենց ճերմակ կրծկալներով, գիրուկ և անայլայլ դեմքերով, կեցած էին իրենց կրպակներուն մեջ և կսպասեին նրբաճաշակ հաճախորդներուն։ Անոնք ոչ ոք չէին հրավիրեր և չէին զիջեր իրենց ապրանքին գովքը ընելու։ Անոնք թափանցեր էին սովորական գնողներու բնության և գիտեին ով պատրաստ է սակարկելու, հակառակ որ այդ շուկային մեջ սակարկություն չէր կրնար ըլլալ։ Եթե ուրիշ շուկաներու մեջ վաճառողը կհանդուրժեր, որ գնողը ստորագնահատե ապրանքը՝ ավելի աժան գնով ձեռք բերելու համար, այստեղ այդպիսի փորձ ընողը կենթարկվեր բոլոր ձկնավաճառներու ծաղրին ու ծանակին և հարկադրված կըլլար ձեռնունայն ետ դառնալու։ Այդ տարօրինակ վաճառողները չէին սիրեր իրենց ապրանքը ծախել մեկու մը, որ անոր հարգը չի գիտեր, նույնիսկ եթե գինը վճարեր։ Այդ ձկնավաճառները անողոք էին և լուտանքներու ռմբակոծության կենթարկեին այդպիսի համբակ հաճախորդները.
— Ճամփադ գնա, իմ բալըխըս քու բերնիդ լայըխ չէ:
Եվ կամ՝
— Դուն իմ բալըխըս չես կրնար ուտել, արաբադ քաշե․․․
Անոնք չէին հանդուրժեր, որ որևէ հաճախորդ ձեռք տա ձուկերուն։ Անգամ մը, որ մեծատուն հաճի աղա մը ձեռքը առեր էր յուլյուֆեր մը և ձեռնատելով դիտողություն ըրեր էր, որ փոքր է, այնպիսի մտրակող պատասխան մը ստացեր էր, որ այդ պատասխանը, բոլոր շուկաները շրջագայելե հետո, հասեր էր մինչև հեռավոր արվարձանները։
Այդ ձկնավաճառները ընդհանրապես իրենք կառաջարկեին ծանոթ գնողին այս կամ այն ապրանքը։ Անոնք գիտեին ամեն մեկուն գնողական կարողությունը, ճաշակը, անոր սեղանին պահանջները և նույնիսկ հաշվի կառնեին, որ պատրաստողը տանտիրուհի՞ն էր, թե խոհարար մը։ Իսկ պատահական հաճախորդի մը դեմքեն, քալվածքեն, ապրանքին մոտենալու և հարցուփորձի եղանակեն կհասկնային անմիջապես, թե ի՞նչ տեսակ մարդու հետ գործ ունին։ Անոնց