Այս էջը հաստատված է

գինը, կարծես իրենք ալ համաձայն ըլլային այդ ապրանքին թանկ ըլլալուն, բայց որ այդ իրենցմե կախյալ չէր։

Ձկնավաճառները իրարու հետ մրցում չունեին, և երբ հաճախորդ մը ձուկի տեսակ մը ուզեր և ձկնավաճառը գիտնար, որ ուրիշի մը քով այդ տեսակին ավելի լավը կա, առանց վարանելու կըսեր.

— Միքեին քով ասոր ավելի աղվորը կա, անոր հարցուր:

Կպատահեր, սակայն, որ անկեղծորեն նախանձեին, երբ իրենցմե մեկը ձեռք անցուներ հազվագյուտ տեսակ մը, բայց վերջիվերջո ամբողջ շուկան կհրճվեր այդ իրողության համար, և իրիկունը, սրճարաններու մեջ, ձկնավաճառները կպատմեին այդ մասին հիացական բացականչություններով: Ձկնորսական անակնկալները, հրաշալի որսերը, մունջ ձուկերու աներևակայելի խորամանկությունները անոնց մտքին հատուկ ուղղություն տվեր էին, և անոնք, կարծես թե, կհավատային հրաշքներու, բայց միմիայն իրենք էին, որ կպատմեին տարօրինակ և գոնե իրենց համար գերբնական երևույթներ։ Անոնց երևակայությունը կարող էր շատ հեռուները երթալ, և այլանդակ ձուկերու տեսքը դյուրությամբ իրենց կներշնչեր առասպելական էակներու գոյության մասին հավատք. անոնք կխոսեին ծովանույշներու մասին, որոնք մինչև մեջքը կին, իսկ մեջքեն վար ձուկ էին, թևավոր վիշապներու մասին, որոնք ուզած ատեն ձուկ կըլլան և ծովին տակ սուզվելով կլողան, և որոնց զոհ գացեր էին իրենցմե շատեր, անհետ կորսվեր էին՝ ծովանույշներու հրապույրեն գերված։ Երբ իրենցմե մեկը այդպիսի հին կամ նոր պատմություն մը պատմել, ներկա ձկնորսները հավանության ժպիտներով կլսեին, բայց եթե իրենցմե չեղող որևէ մեկ ուրիշը, սիրտ առնելով այդ առասպելներեն, ուզեր ցամաքի վրա անցած պատմություն մը պատմել և եթե մազաչափ հեռանար հնարավորեն, բոլոր ներկա ձկնորսները քահքահ կխնդային և միաձայն կգոչեին.

— Ծո՛, մեզմե առածդ մեզի՞ կծախես կոր․․․

— Նեղություն մի քաշեր, ծո՛, ատ խըտար մեծ բալըխ մը մենք չենք կրնար կոր կլլել․․․