Այս էջը հաստատված է

Այս ըսել չէ, որ անոնք անտարբեր էին կանացի գեղեցկության, ընդհակառակը. երբ տեսնեին փետուրի նման աղջիկ մը, որ հովի պես կանցներ, անոնք կժպտեին իրենց լիքը այտերով և կվայելեին այդ տեսիլքը՝ պարկեշտ և մաքուր զգացումով. երբեմն ալ կբացականչեին հասուն և լիքը գեղեցկության մը ի տես.

— Աստվածամա՜ր․․․

Իսկ այդ անկրոն մարդիկը մեկ անկեղծ պաշտամունք ունեին, խաչի պաշտամունքը։ Անոնք չէին խոնարհիր ո՛չ աստծու, ո՛չ Քրիստոսի և ոչ ալ որևէ սուրբի կամ սրբուհիի առաջ, այլ փայտե խաչի առաջ, որը կընդունեին որպես խորհրդանշանը մարդկային տառապանքի։

— Ամեն մարդ իր խաչը ունի, ամեն մարդ իր խաչը պիտի կրե․․․ — կըսեին անոնք, երբ, կես֊գինով, կխորհրդածեին այս անցավոր կյանքի իմաստին վրա։

Իսկ եթե մեկը իրենց հարցներ, թե ի՞նչ ազգի էին, անոնք չէին ըսեր, որ հայ են կամ լուսավորչական, այլ անվարան կպատասխանեին՝ խաչապաշտ։

Երբ Բարպան և Միհրանը մտան շուկա, ամեն կողմերեն իրենց դարձան ժպտուն դեմքեր։ Ձկնավաճառները կճանչնային Բարպան, և անոնցմե ոմանք թավ կամ խռպոտ ձայներով սկսան խոսիլ անոր հետ.

— Խեր ըլլա, Բարպա՛, բերնիդ լայըխ խալխան ունիմ։

— Յուլյուֆերս այսօր աղվոր չէ, քեզ համար չէ,— կսեր ուրիշ մը,— մեյ մը Գալուստին հարցուր։

— Միսաֆի՞ր ունիս, Բարպա՛։

Բարպան գլխով դրական պատասխան տվավ։

— Էսնաֆե՞ն․․․

— Ո՛չ,— պատասխանեց Բարպան,— օտարական են, ֆրանսըզ․․․

— Անանկ է նե, քեզի մենշուր բան մը տամ,— ըսավ ձկնավաճառը և հետո ավելցուց,— ամա՜ն, անոնք ինչ գիտեն իրենց բերնին համը։