Այս էջը սրբագրված է

-Աղեկ ըրիր, դուն ալ չոճուխ չունեիր, քեզի զավակ կըլլա:


Բայց Բարպան կարծես երազի մեջ Էր։ Ձկնավաճառը նշմարեց Բարպայի մտազբաղ վիճակը և կուզեր հարցունել «Ի՞նչ ունիս, Բարպա՛», բայց վերապահությամբ լռեց։


Երբ իր ուզած ընտիր ձուկերը բերին, Բարպան այնտեղ թափառող բեռնակիր մը կանչեց և պատվիրեց ձուկերը տուն տանիլ։ Միհրանը հետևեցավ բեռնակրին։


Բարպան՝ հետզհետե ավելի մտազբաղ, ոտքի ելավ և հարցուց.


—Պարտքս ի՞նչ Է։


—Ամբո՞ղջը…


—Այո՛, ամբողջը,— ըսավ Բարպան։


—Քեզի համար հարուր քսաներեք ղբուշ Է,– ըսավ ձկնավաճառը։ Անիկա մտածեց Բարպային ըսել. «Թող հիմակ մնա, ուրիշ ատեն կվճարես». ձկնավաճառը կխորհեր, որ Բարպայի մտազբաղ վիճակը թերևս հետևանք էր այն բանին, որ նեղն էր և հակառակի նման հյուր ունեցեր էր, բայց չի համարձակեցավ, որովհետև Բարպան չէր բացվեր իրեն։


Բարպան հանեց քսակը և մեկ ոսկի ու երկու մեջիդիե դրավ մարմարին վրա։ Անիկա քսանհինգ ղրուշ ավելի տվեր էր։


—Ո՞ւր ես, Բարպա՛, հո՞ս ես,— ըսավ ձկնավաճառը՝ ակամա ծիծաղելով և ետ տվավ ավելորդ դրամը։ Այն ժամանակ Բարպան անդրադարձավ իր ցրվածության և մրմնջեց.


—Ճիշտ է, հարյուր քսաներեք ղրուշ ըսիր:


—Մարդկություն է, կպատահի,— պատասխանեց ձկնավաճառը և միևնույն ատեն աննկատելի նշմարներով հասկցուց մյուս ձկնավաճառներուն, որ Բարպային խելքը գլուխը չէր։


Երբ Բարպան ծանր և դանդաղ քայլերով հեռացավ շուկայեն, ամեն կողմերե ձայներ լսվեցան:


—Կերևի հիվանդ է։


—Դարդ մը ունի…