Այս էջը սրբագրված է

տակից նայվածքով մը։ Վիկտորյային աչքերը արցունքով լեցվեցան։


Այն ատեն Սոֆյան եկավ տալոջը մոտ, թևերուն մեջ առավ անոր գլուխը և սկսավ ողբագին ձայնով կրկնել.


—Խե՜ղճ, խե՜ղճ Վիկտորյա, հոգի՛ս, խե՜ղճ հոգիս…


Ինչպես եթե սահանքներ բացվեին, Վիկտորյային արցունքները թափվեցան հորդությամբ։ Անիկա հեծկլտալով կուլար և սրտին մեջ վաղուց ի վեր բույն դրած կասկածը, որ գաղտնիքի մը պես ծածկեր Էր ամենեն, բացավ սրտակից և հարազատ Սոֆյային առաջ։ Այո՛, այո՛, ֆրենկներուն գալեն քանի մը օր ետքը Վիկտորյան հասկցեր Էր, որ Բարպան տեսակ մըն Էր, խելքը գլուխը չէր, խելքը֊միտքը ատ կնկանը վրա էր։ Վիկտորյան չէր մեղադրեր Բարպան, օ՜հ, ո՛չ… և եթե հիմակ ալ խոսքը կըներ, պատճառը այն էր, որ Բարպային վերջը գեշ կտեսներ։


—Ա՜խ, ա՜խ,— հառաչեց անիկա՝ հորդառատ արցունք թափելով, ի՞նչ պիտի ըլլա մեր վերջը… Բարպան խելքը թռցուցեր է, ձեռքը չէ… մինչև երեկ իրիկուն սիրտս խոցոտ, դեմքս խնդում, մազերս ավել ընելով, ամեն բանի համբերեցի, բայց երեկ իրիկուն ալ չդիմացա…


—Ի՞նչ եղավ երեկ իրիկուն,— հարցուց Սոֆյան։


Վիկտորյան պատմեց, թե ինչպես Ժոզեֆինին մեկ խոսքի վրա Բարպան մանգալը նվեր տվավ անոր, հետո ալ խոսք տվավ Բեզեստեն տանիլ՝ գորգեր տեսնելու համար…


Այդ խոսքերը լսելով, Սոֆյան զարմացական բացականչություններ կարձակեր։


—Ես Բարպան գիտեմ ,- ըսավ Վիկտորյան,— մեյ մը հետը Բեզեստեն երթա, շապիկը կծախե, անոր ուզածը կառնե… իր հպարտության չի կերցներ մերժել։


—Պա՜հ, պա՜հ, պա՜հ,— կբացականչեր Սոֆյան։


—Աստված թող վկա ըլլա,— ըսավ Վիկտորյան՝ ջերմ արցունքներ թափելով և կուրծքին վրա հունական ձևով խաչակնքելով,— աստված թող վկա ըլլա, Սոֆյա՛, որ իմ ցավս ո՛չ դրամին համար է և ոչ ալ տված բաներուն համար. թող ամեն բան կորսվի, թող չուլի վրա նստիմ, հոգս չէ, բայց Խաչիկս ձեռքես կելլա կոր…