Այս էջը սրբագրված է

—Ես Վասիլին հետ Բոմոնթի պիտի երթամ, կրնա ըլլալ, որ ուշանանք, ինձի մի սպասեք ճաշի։


Վիկտորյան հիացած կնայեր մեկ մը եղբորը, մեկ մը Բարպային և կուզեր երկուքն ալ սեղմել իր տաք ու հուզված սրտին վրա։


Քիչ հետո, խոհանոցը, Վիկտորյան կըսեր Միհրանին.


- Ամբողջ հանցանքը իմս էր, Միհրանի՛կ, Բարպան ազնիվ մարդ է։ Անոր սիրտը ոսկիի պես մաքուր է։


Միհրանը լուռ կլսեր։


—էրիկմարդ է, վերջապես,— ավելցուց Վիկտորյան ինչ կուզե, կրնե, ինչպես կուզե, այնպես ալ կկարգադրե… Արյունս դլխիս զարկավ, էվել֊պակաս խոսքեր ըրի… հանցանքը իմս էր։

                           *
                        *     *

Բոմոնթիի գարեջրատան դարատափներեն մեկուն վրա, սեղանի մը շուրջ, հավաքված էին Բարպան, Վասիլը, Ղուկասը և ուրիշ արհեստավոր ընկերներ և կխոսակցեին օրվա կացության և գործերու վիճակի վրա, երբ գարեջրատան բոլոր հաճախորդները ալեկոծվեցան։ Երաժշտությունը հանկարծ լռեց, և լսելի եղավ հեռուեն եկող խաժամուժի մը աղմուկր և անջատ աղաղակներու խուլ արձագանքր։ Սպասյակներեն մեկը, որ գացեր էր տեղեկանալու, վազելով և շնչասպառ վերադարձավ։ Ակնթարթի մը մեջ լուրը տարածվեցավ.


—Թուրքերը ցույց են կազմակերպեր, տասնյակ֊հաազարավոր մարդիկ՝ թափոր կազմած, կանցնին փողոցներեն…


Գարեջրատան հաճախորդները սկսան շտապով վճարել և ցրվիլ։


—Խռովություն կրնա ըլլալ,— ըսավ ատաղձագործ Ղուկասը,— ամեն մեկս մեր տունը քաշվինք։


Բարպան և Վասիլը վճարեցին իրենց սեղանի դրամը, և ամենքն ալ ճամփա ելան։ Դեռ գլխավոր փողոցը չի հասած, արհեստավորները ցրվեցան զանազան ուղղությամբ: