Այս էջը սրբագրված է

Հետզհետե ավելի ամեհի աղմուկ մը կբարձրանար անվերջ անցնող բազմություններե։


—Քովի փողոցներեն պետք Է երթանք,— ըսավ Ղուկասը, որ Այազ Փաշա կբնակեր, և հեռացավ իր ընկերներեն։


Երբ Բարպան և Վասիլը մինակ մնացին, լռելյայն համաձայնելով, ուղղվեցան դեպի գլխավոր փողոցը։


Լայն պողոտայեն կանցնեին ստվար խումբերով մարդիկ՝ մոլեռանդի դեմքերով և անիմանալի բան մը գոռալով։ Յուրաքանչյուր խումբի հետ կային կանանչ և ճերմակ փաթթոցավոր մոլլաներ, որոնք կհրահրեին գոռգոռումները, երբ անոնց եռանդը քիչ մը կմեղմանար։ Երբեմն խումբերը իրարմե կանջատվեին, բայց անմիջապես վազելով և գետնի փոշին բարձրացնելով, կուգային կմիանային իրարու։


Վասիլը և Բարպան կքալեին մայթին վրայեն և լուռ կդիտեին ամբոխի վարմունքը։ Բանկալթի հասնելով տեսան, որ ամբողջ պողոտան բռնված Է ցուցարարներու բազմությունով։ Կարծես թե ամբողջ քաղաքր պարպվեր և թափվեր էր փողոց։ Մայթերու վրա անցորդները ցանցառ Էին և միայն ֆեսավոր մարդիկ Էին։ Այդ ժամուն, ընդհանրապես, Բանկալթիի շիտակին վրա գլխարկավորները մեծամասնություն կկազմեին, բայց այդ պահուն, կարծես թե, անոնք չքացեր Էին։ Անհետացեր Էին նաև մանր֊մունր բաներ և քաղցրեղեններ վաճառողները, իսկ տուները, կարծես թե, ամայի Էին, իրենց փակ վանդակներով և պատուհաններով։


Տրամվայները դադրեր Էին, և հորդ հոսանքի պես ցուցարարներու ամբոխը կհոսեր փողոցի ամբողջ լայնքով։ Աստղով և մահիկով կարմիր դրոշակներ կծածանեին ասդին-անգին։ Գրգռված բազմություններու հևքը և անընդհատ ոտնաձայները մթնոլորտը կլեցնեին ահարկու սպառնալիքով մը։ Առանձին քաղաքացիները, մայթերու վրա, սայթաքելով, կռնակնին կորացուցած, մոլորվածի երևույթ ունեին, հակառակ որ ցուցարարները անոնց նկատմամբ անտարբեր կթվեին։


Երբ Բարպան և Վասիլը իրենց արհեստանոցներու առաջ հասան, պահ մը կանգ առին և իրար հարցուփորձեցին ակ–