Այս էջը սրբագրված է

ձեզին կողմնակի փողոց մը մտնել և ուղղվիլ դեպի ներքին խաղաղ թաղերը, երբ փողոցի անկյունը դեմառդեմ եկան քողարկված թրքուհիներու խումբի մը, որոնք՝ դրոշակ մը բռնած, կգոռային և կձգտեին միանալ ցուցարարներուն։


Այս անսովոր երևույթին առաջ ապշած՝ Բարպան և Վասիլը կանգ առան։ Բարպան ֆեսը հանեց և թաշկինակովը ճակատը սրբեց, բայց այդ մատնեց իրեն տեղացի քրիստոնյա ըլլալու: Ոչ մեկ իսլամ փողոցը կամ որևէ հասարակական տեղ, ֆեսը չէր հաներ գլխեն։ Ակնթարթի մը մեջ տարեց թրքուհի մը անջատվեցավ և, մոլուցքի մեջ, բռնելով Բարպայի բաճկոնի կուրծքեն, ցնցեց և գոռաց.


—Քեզի պեսները կտոր֊կտոր կընենք, հում-հում կուտենք…


Վասիլը, տեսնելով վտանգը, հունարեն բոռաց.


—Ձեռք մի՛ տուր, Խաչի՛կ։


Բայց արդեն թրքուհիներու խումբը կխուժեր գլխավոր փողոցը։ Անջատվող թրքուհին վազելով գնաց միացավ իր ընկերուհիներուն։


Երկու ընկերները պահ մը մնացին քարացած, անոնք իրարու դեմքի արտահայտության մեջ, ինչպես հայելիի մեջ, կտեսնեին իրենց Էությունը խռովող շփոթ և տաժանելի ըզգացումները: