Այս էջը սրբագրված է

ԳԼՈՒԽ ՀԻՆԳԵՐՈՐԴ

                        ԴՐՈՇԱԿԸ

Երբ Բարպան տուն հասավ, արդեն ուշ էր. էմիլը և Ժոզեֆինը ժամանակին եկեր և Վիկտորյայի ու Միհրանի հետ ճաշեր էին։ Անմիջապես, որ Բարպան սենյակ մտավ, հարցումները տեղացին. անիկա պատմեց, թե ինչպես տեսեր էին ցույցը և հետո Վասիլին հետ անցեր էին Թագսիմի ետևի փողոցները, հասեր էին Ֆընղըդլր, հետո Ղալաթիա, ուր գարեջրատան մը մեջ սպասեր էին, որ փողոցները հանդարտին և կարելի ըլլա կրկին բարձրանալ Բերա։


Այդ Ժամուն ցույցերը դադրեր էին, բայց քաղաքը հանդարտած չէր, և Բարպան չէր ծածկեր իր մտահոգությունը։


Թաթավլայի մեջ, սակայն, հանդարտություն կտիրեր. ուրիշ օրերու վրա տարբերությունը այն էր, որ փողոցները ավելի լուռ էին, և շրջուն վաճառողները, թել հելվա և սիմիթ ծախողները չէին հայտնվեր։ Հեռուեն լսվեցավ, կամ կարծեցին լսել, հրացանի հարվածներ, որոշ ժամանակ, բաց պատուհանին առաջ կեցած, ականջ դրին, բայց այլևս որևէ ձայն չէր լսվեր։


Ժոզեֆինը սարսափեն կդողար. անոր ատամները կկափկափեին։


—Ինձ լսե՛, մոն շու,— կըսեր էմիլր,— մենք ֆրանսացիներ ենք, ինչ սատանա, և ինչ որ ալ պատահի՝ մեզ համար որևէ վտանգ չի կա։


Բեռնարներն ալ տեսեր էին ցույցը. նույնիսկ էմիլի եվրոպական գլխարկը վրդովմունք հառաջ բերեր էր ցուցա֊