Այս էջը սրբագրված է

թափ մը տալով Բարպայի ուսին,— մեր դրոշակը կտնկենք տանը վրա, և թող համարձակին։ Այնտեղ, ուր եվրոպական դրոշակ մը կծածանի , այնտեղը Թուրքիա չէ։ Եթե կհամարձակին, թող գան, ինձ հետ գործ կունենան. ես միայն այդ կըսեմ ձեզի։


Միհրանը Վիկտորյային ականջին կթարգմաներ էմիլի խոսքերը. խեղճ կինը, մեկ կողմեն, խղճահարության մեջ էր այդքան թանկագին բարեկամներու մասին գեշ խոսած ըլլալուն համար և, մյուս կողմանե, հիացած էր, որ էմիլի խոսքերը կպարզեին Բարպային կնճռոտ դեմքը։ Ժոզեֆինն ալ իր կարգին սկսավ սիրտ առնել և ճռվողելով կխոսեր մեկ մը էմիլին և մեկ մը Բարպային հետ։


Քիչ հետո սեղանին շուրջ բոլորված խնձոր կկեղևեին, գինի կխմեին և հանդարտությամբ կխոսեին պատերազմի հավանական ելքի մասին։ էմիլի կարծիքը այն էր, որ Բալկանները հաղթող դուրս կուգան։

                          *
                       *     *
  

Այդ նույն իրիկունը Վասիլը տուն հասավ չափազանց հոգնած և տենդոտ։ Սոֆյան հասկցավ, որ ամուսինը լավ չէ և ստիպեց, որ անկողինը մտնե։ Քրտներ և մսեր էր, և ամբողջ ոսկորները կցավեին։ Վասիլը կնոջը չի պատմեց իր տեսածներու մասին, որպեսզի անոր միտքը չի պղտորե: Տղան՝ Յորկին, սեղանին առաջ նստած կգծեր, և Վասիլը՝ սիրտը անձկությամբ լեցուն, կդիտեր անոր կանխահասորեն լուրջ և ինքնամփոփ դեմքը։ Վասիալը՝ մեկ արմունկին վրա կռթնած, կխմեր թմբիի ծաղիկներով պատրաստած տաք ըմպելիքը, որ Սոֆյան պատրաստեր Էր, երբ հարցուց տղուն.


—Յորկի, վաղը ձեր դպրոցը բա՞ց Է։


—Իհարկե, հայրի՛կ,— ըսավ ան՝ առանց գլուխը բարձրացնելու։


Վասիլը կուզեր պատվիրել տղուն, որ հետևյալ օրը դպրոց չերթա, բայց վարանեցավ։ Յորկին կարող Էր դիմադրել իր պատվերին, ինչո՞ւ, ուրեմն, վախ ներշնչել անոր: