Այս էջը սրբագրված է

մը, որուն վրա շարքով բոլորած և խիտ լուսամուտներ կային, գոգավոր հաստ ապակիով, ինչպես բաղնիքի գմբեթներուն վրա, և ուրկե երբեմն կկաթկթեին շոգիացած, հետո կրկին պաղած բուրումնավետ ջուրի կաթիլներ։


Աղբյուրները բարձրադիր էին և աստիճանավոր պատվանդանի մը վրա, ուր պետք էր բարձրանալ շղթայով կապված բաժակներեն մեկը վերցնելու և ջուր խմելու համար: Բայց շուկացիները շատ քիչ անգամ կդիմեին այդ միջոցին իրենց ծարավը հագեցնելու համար, որովհետև աղբյուրի պատվանդանի աստիճաններու վրա ընկողմանած էին մուրացիկներ, դերվիշներ, որոնք՝ իրենց ցնցոտիներուն մեջ փաթտված, կարծես անջատված էին այս երկրես և մրափող աչքերով կընդունեին ինքնաբերաբար տրված ցանցառ ողորմությունները։


Շուկայեն դուրս գալով, Յորկին և Ռահմին անցան լայն պողոտայե մը, հետո մտան ավելի լայն ծառուղի մը, որուն վերջավորության կերևար լայնանիստ և շքեղ մզկիթ մը՝ իր չորս մինարեներով։ Երկու երիտասարդները մտան մզկիթին զով բակը, ուր սոսավուն սոսիներու հովանիին տակ, աղբյուրի մը բազմաթիվ ծորակներուն առաջ մանր վաճառողներ, բեռնակիրներ, մուրացկաններ իրենց արմունկները և բոբիկ ոտքերը կթրջեին պաղպաջուն ջրով, երեկոյան աղոթքին պատրաստվելու համար։ Ռահմին՝ անտարբեր, Յորկին՝ մեծապես հետաքրքրված, անցան այդ մարդոց առաջքեն և երբ դուրս եկան բակի մյուս դռնեն, լսեցին մինարեի մը բարձրութենեն սլացող աղոթողին քաղցրալուր և երկարաձգվող ձայնը, որ կտարածվեր մինչև հեռուները։


Անմիջապես հետո երկու երիտասարդները կողմնակի ճամփե մը անցան, մտան նեղ փողոցներու մեջ, ուր դեմառդեմ տուներու տանիքները գրեթե իրարու կհպեին։ Երբեք չի չորցող տիղմի, մգլոտած սունկի, բորակի հոտ մը, խառնվելով տուներե դուրս սողոսկող աղբաջուրերու գարշահոտության, կթունավորեր օդը և կարծես կթանձրացներ։ Ամրափակ տուները, գերեզմաններու պես տխուր, կարծես ամայի էին, բայց երբեմն կլսվեր տկար ձայն մը՝ երեխայի մը լացը կամ կնոջ մը ողբագին երգը։ Վերջապես, Ռահմին