Այս էջը սրբագրված է

կանգ առավ միհարկանի տան մը առաջ և ջախջախը զարկավ, որը հնչեց կարծես պարսպի վրա։ Ներսեն ոչ մեկ ձայն։ Յորկին մտածեց, որ տունը մարդ չի կա, բայց Ռահմին չի հուսահատեցավ։ Անիկա կրկին ջախջախը զարկավ արագ հարվածներով։ Այս անգամ կանացի ձայն մը ներսեն գոչեց.


—Ո՞վ է այդ։


Ռահմին գոռաց.


—Նահատի ընկերները, բան ենք բերել Նահատին։


Դուռը դժվարավ և կռինչով բացվեցավ, կարծես ան սովոր չէր բացվելու, և երկու ընկերները սպրդեցան ներս։ Ուրվականային սիլուետ մը, վտիտ և կորաքամակ, գլուխը ծածկած ճերմակ քողով, անհետացավ, կարծես հմայքով, հողե գետնով բակին մեկ անկյունեն, բայց նույն միջոցին իսկ, սանդուղներու վերի աստիճաններուն վրա, վերևեն եկող դժգույն լույսին մեջ երևցավ հրաշքի նման գեղեցիկ և փոքրիկ աղջկան մը նուրբ դեմքը, որ սուր ձայնով կգոչեր.


—էֆենդիներ, վեր հրամեցե՛ք։


Երկու ընկերները բարձրացան սանդուղներեն, և Նահատը գտան գրեթե մերկ սենյակի մը մեջ, գետինը փռված և մինդերի պես բարակ և կարճ անկողնի մը մեջ։


Երբեք Յորկին այդպիսի թշվառություն չէր տեսեր. նույնիսկ գաղափարը չուներ այդպիսի քստմնելի վիճակի մը։ Անիկա գիտեր, որ մարդիկ կան, որ նեղը կապրին, աղքատ են։ Այդպիսի մարդիկ և տուներ տեսեր էր ոչ միայն արվարձաններու մեջ, այլե Բերայի աղքատիկ թաղերու մեջ, ուր իրարու վրա սեղմված՝ տարտամ մարդկություն մը կապրեր անորոշ գործերով։ Բայց այդ թշվառությունը բնավ նման չէր այս անհույս և տխուր թշվառության, որ ավերումներու արդյունք էր կարծես և որուն համակերպեր էին մարդիկ, ինչպես ճակատագրական աղետի մը։ Յորկին իր մատղաշ հոգու ամբողջ թափովը ըմբոստացավ այդ իրականության դեմ և տեսակ մը ամոթ զգաց, ինչպես եթե անձնապես ինքը և իրենները պատասխանատու ըլլային այդ կացության։


Երբ Նահատը ճանչցավ Յորկին, հիշեց, որ այն օրը իր պատկերը գնողին որդին էր, և ուզեց անոր հետ վարվիլ ինչ–