Այս էջը սրբագրված է

պես բարերարի հետ։ Անիկա կանչեց իր քույրը՝ Սաֆիեն, որուն աչքերը փայլատակեցին՝ եղբորը ընկերներուն բերած մրգերը և քաղցրեղենները տեսնելով, և պատվիրեց անոր, Ցորկին ցույց տալով, որ Էֆենդիին ձեռքը համբուրե։ Բայց Յորկին՝ մինչև իր մազերուն արմատները կարմրելով, կատաղորեն մերժեց ձեռքը տալ։ Անոր սիրտր կբաբախեր, և վայրագ նայվածքներ կարձակեր իր շուրջը։ Բայց երբ Ռահմին ըսավ, թե Յորկին իրենց դպրոցը կուգար, իրենց ընկերն Էր, տեսակ մը մտերմություն հաստատվեցավ, և Յորկին խռովահույզ սրտով, բայց առերևույթ հանդարտությամբ հետևեցավ Ռահմիի և Նահատի խոսակցության։


Հետո Նահատը բացատրեց Յորկիին, թե ինչպես ամառվան այն տաք օրը, երբ ինքը կդողար տենդե, պատկերները տարեր Էր ծախելու առանց որևէ հույսի։ Ընդհանրապես, մարդ չէր ուզեր պատկեր գնել, և եթե պատահեր, որ գնող ըլլար, կնախընտրեին լիթոգրաֆիաները կամ լիթոգրաֆիաներու նմանող յուղանկարները, որ իտալացի կամ տեղացի նկարիչներ կցուցադրեին։ Կար նաև հայ մը, որ սերիաներով ծովանկարներ կշիներ և բավական կծախեր։ Իսկ իր պատկերները չէին կրնար հրապուրել անցորդները, որ մեծ մասով շուկացիներ էին։ Անոնք, եթե նույնիսկ մոտենային, քիթերնին կդպցնեին պատկերին, նույնիսկ ակնոց կդնեին, մանրամասն կզննեին և արհամարհանքով կհեռանային։ Իսկ այդ օրը, ահա, Յորկիին հայրը կանգ առեր էր, գնահատեր էր իր նկարը և գներ էր։


-Այդ մեկ ոսկին, եղբայր,— ըսավ նահատը՝ Յորկիին դառնալով,— ինձ մահվանե փրկեց։


Անիկա բացատրեց, որ թոքերու բորբոքում ունեցեր էր, իսկ հիմակ բժշկված էր, բայց դեռ շատ տկար էր։


-Նորեն արյուն կա՞ թուքիդ մեջ,— հարցուց Ռահմին։


-Քիչ,- պատասխանեց Նահատը և պահ մը լռութենե հետո ավելցուց,— մեյ մը ոտքի ելլեմ, ուրիշ բան չեմ ուզեր։


Երբ պիտի մեկնեին, Նահատը իր խոնավ և տաք ձեռքերուն մեջ բռնեց Յորկիին ձեռքը, ուժեղ սեղմեց և ըսավ.


-Դուն իմ ազիզ ընկերս ես, իմ հարազատ եղբայրս.