Այս էջը հաստատված է

դպրոցեն և աշակերտ տվին հույն կարուհիի մը քով, մինչ իր քույրերը, իրենց մոր պես, սյուզենի կբանեին։

Սոֆիցա շուտով թափանցեց արհեստին նրբություններուն, ցույց տվավ ինքնուրույն ճաշակ, բայց անիկա ժամերով անգործ կմնար, ձեռքերը ծունկերուն դրած, նայվածքը հառած անորոշ կետի մը և կարծես թե մոլորված երազի մը մեջ։ Երբեմն ալ, հակառակ իրեն, արցունքը կհոսեր երեսն ի վար։ Անիկա նիհար էր, դժգույն և երկարավուն դեմքով, շագանակագույն մազերը թեթև մը գանգուր էին և շնորհալի ծալքեր կկազմեին, բարակ և սև հոնքերը, իրարմե անջատ, կարծես թառած էին բարձր ճակատին վրա։ Կապույտ աչքերը, միշտ ծածկված սև թարթիչներու ստվերին տակ, զարմացում կպատճառեին, երբ Սոֆյա հանկարծ արտևանունքը բարձրացներ և լիուլի նայեր։ Անիկա տասնութ տարեկան էր, երբ Սեղբոսը կաթված ունեցավ։ Քույրերը ամուսնացեր և հեռացեր էին տունեն. եղբայրը՝ Պետրոսը, դարձեր էր վարպետ կոշկակար, առանձին խանութ բացեր էր Բերա և այլևս գրեթե տուն չէր գար։ Նարլը Գաբուի պարիսպեն դուրս գտնվող այդ աղքատիկ թաղին մեջ դրացիները փսփսալով կպատմեին, որ Պետրոսը դարձեր էր գեղեցկադեմ երիտասարդ, շատ դրամ կվաստակեր և մանթոնիթա կպահեր։

Սեղբոսի հիվանդությունով տունը ընկավ չքավորության մեջ։ Մյուս կողմանե, Իշճի Մաղաքը մեքենաներ բերել տվեր էր Եվրոպայեն և մեծ շուկային մեջ վաճառատուն-արհեստանոց մը բացեր էր, ուր տղամարդիկ սյուզենիին գործը կընեին։ Հեղինեն ճարահատ կերթար խըղմեթ կըներ Իշճի Մաղքի տունը, ասոր, անոր լվացքը կըներ, գիշերները հիվանդանոցի համար շապիկներ կկարեր։ Սեղբոսի ձկնորս ըկերները երբեմն բալամուտ կամ խամսին կբերեին, երբ որսը առատ ըլլար, և այսպես կապրեին օրը-օրին։ Սոֆիցա անձնվիրությամբ և սիրով կխնամեր Սեղբոսը և սակայն կտանջվեր, որ ուրիշ կերպ չէր կրնար օգուտ ունենալ տանը համար։ Քանի մը անգամ փորձեց կար վերցնել, քանի մը փարա վաստակել։ Բայց Նարլը Գաբուի դրսի աղքատիկ թաղին մեջ տևական հաճախորդներ չէր կրնար ունենալ։