Այս էջը սրբագրված է

Յորկին հազիվ կզսպեր իր անհամբերությունը մորը ահհիմն և դողդղացող մտահոգություններուն հանդեպ։ Անիկա առույգ էր և առողջ և բնավ պետք չուներ այդ հիվանդագին հոգածության և կսրտնեղեր, որ մայրը իրեն հետ կվարվեր ինչպես փափուկ երեխայի հետ։


Բայց առավոտները, անձնատուր քունի հեշտանքին, Յորկին զինաթափ էր և կհանձնվեր մորը խնամքին։ Մայրը կպատրաստեր կաթով սուրճը, հացը կկարմրցներ ունելիին վրա և ուշադիր կհետևեր, որ անիկա ուտե կարագը և պանիրը։


—Յորկի՛, Յորկի՛,— կանչեց կրկին Սոֆյան և նախաճաշի սեղանը պատրաստեց։


Յորկին մեկ շարժումով ելավ նստեցավ անկողնին մեջ և բռունցքներով աչքերը շփեց։ Հետո ելավ ոտքի և խոհանոց գնաց՝ պաղ ջուրով լվացվելու։


Երբ քիչ հետո Յորկին իր սուրճը կխմեր, հայրը ըսավ որդուն.


-Դուրսը մառախուղ է, աչք– աչքի չերևար կոր, սպասե քիչ մը օդը բացվի, հետո գնա։


—Չի կարելի, հայրիկ,— ըսավ Յորկին,— արդեն ուշ մնացեր եմ։


—Կամուրջը կբանան, չես կրնար անցնիր:


—Հայրի՛կ,— ըսավ Յորկին,— ընկերներուս պիտի հանդիպիմ, Ղալաթիա։


Ի՜նչ ընկերներ են, պիտի հարցներ Վասիլը, բայց վարանեցավ. հայր ու որդի պահ մը իրարու նայեցան լուռ, բայց հանկարծ Վասիլը երեսը դարձուց պատին, խոր հառաչեց և աչքերը փակեց։


Երբ Յորկին դուռը բացավ, մառախուղը պատի պես գտավ իր առաջ։ Քանի մը քայլ անդին անտեսանելի մարդիկ կհազային խռպոտ և հևքոտ ձայներով։ Կրկին լսվեցավ Վոսփորի շոգենավերու երկարաձիգ և թավ սույլը, երբ Յորկին անհետացավ մառախուղին մեջ, ինչպես ամպի մը ետև։


Սոֆյան իր վտիտ ձեռքերը տարավ ականջներուն և մնաց քարացած։ Անոր շրթները կդողդոջեին։ Ա՜խ, ինչո՜ւ թողուց, որ իր զավակը անհետանար այդ մառախուղին մեջ…