Սեղբոսը հանկարծ մեռավ բարեկենդանի նախօրյակին, երբ փողոցները տոնի և ցնծության մեջ էին, և լաթերնաներու եղանակները հեռու և մոտ թաղերեն իրար կխաչաձևեին, հարուցանելով մարդոց մտքին մեջ գինետուներու ծխոտ, բայց շեն սրահներ և նախատոնի խրախճանքներ։
Դրացիները մարդ ղրկեցին Պետրոսին ետևեն, որպեսզի գա մեռած հորը տեր ըլլա։ Բայց չէին կրցեր գտնել։ Անիկա խանութը փակեր էր տոնի առթիվ և ո՞վ գիտեր ուր գացեր էր զվարճանալու։ Սեղբոսը իր հիվանդության ամբողջ րնթացքին աչքը դռանը մնացեր էր․ հուսացեր էր, որ տղան անպատճառ կուգա, բայց հակառակ քանիցս եղած դիմումներու, Պետրոսը չէր եկեր։ Հեղինե կուզեր պատշաճ թաղում կատարել, բայց տունը դրամ չի կար։ Դրացիները հազիվ թե քանի մը ղրուշ հավաքեր էին, իսկ ձկնորսին ընկերները լուր չունեին Սեղբոսի մահվան մասին, և տոնական օրով դժվար էր անոնց հետքը գտնել։
Վերջապես, հակառակ Հեղինեի և Սոֆյայի բոլոր ջանքերուն, անոնք չկրցան դագաղ մը գնել, և խեղճ Սեղբոսը, որ ամբողջ կյանքը անցուցեր էր չարաչար աշխատանքով, հողը դրվեցավ պատանքով։ Հայոց եկեղեցին փոխ տվեր էր աղքատներու դագաղը՝ մեռելը պատշաճ կերպով տունեն եկեղեցի և հետո գերեզմանատուն փոխադրելու համար։
Երկու օր հետո եկավ Պետրոսը և լսելով, որ հայրը առանց դագաղի թաղվեր Է, անձնատուր եղավ հուսահատության․ անիկա աղիողորմ ճիչեր կարձակեր և կըսեր, թե ընկուզենիե դագաղ շինել կուտար հորը համար, եթե միայն գիտնար ժամանակին։ Վերջապես, անիկա մորը հետ գնաց Պալըգլիի գերեզմանատունի հորը հողակույտին այցելության։ Այնտեղ քահանա կանչեց և օրհնել տվավ իր հորը գերեզմանը և հետո առատաձեռնությամբ վարձատրեց քահանան, պահապանը և այնտեղ սլքտացող մուրացկանները։ Պետրոսը վերադարձավ Պալըգլիեն բոլորովին հանդարտած և հետևյալ օրը, որ կիրակնամուտն Էր, պատվիրեց ճոխ սեղան սարքել։ Հրավիրեցին դրացիներ, Սեղբոսի ընկերները, գինետուներեն քաշելով բերին ծեր ու երիտասարդ ձկնորսներ, և տունը լեցվեցավ աղմուկով և կերուխումի տրամադրություններով։