Այս էջը սրբագրված է

Եվ Բարպան հիացումով կմտածեր, որ իրենց երկու տուներուն մեջ կպատսպարեր, հարկ եղած պարագային, Վասիլը և անոր ընտանիքը, արհեստանոցի ընկերները, հարևանները, և, թերևս, այդ հրաշագործ դրոշակը կպաշտպաներ ամբողջ թաղը։


Արիստաքին որոշ ժամանակ չեկավ իր աշխատանոցը, ուր երեք եվրոպացիներու պատկանող կառաքեր ուներ նորոգելիք: Անոր մոտ այդ միջոցին մնացեր Էին միայն տասնյակ մը աշխատավորներ։ Գործակատարը կուգար երբեմն գաղտագողի, կմնար մեկ կամ երկու ժամ և կմեկներ։


Արիստաքին, վերջապես, խոշոր գումար մը նվիրեց, առանց աղմուկի, Կարմիր մահիկին: Սերասքերին նվիրածը ետ չէին տվեր, ինչպես սպառնացեր էին թերթերը։ Այս անգամ Կարմիր մահիկի վարչությունը, երես առ երես, ոչ գրավոր և ոչ հրապարակավ, շնորհակալություն հայտնեց Արիստաքի էֆենդիին և ընդունեց չեկը։ Բայց այդ նվերն ալ որևէ գործնական օգուտ չունեցավ Դըրջանին համար։ Վերջապես, անիկա, վհատած և ահաբեկված, մեծ կաշառքներով հաջողեցավ ձեռք բերել արտասահմանյան անցագիր և ընտանիքով մեկնեցավ Զվիցերիա։ Խորամանկ հույնը ժամանակին իր դրամները փոխադրած էր արդեն եվրոպական բանկերը։


Երբ Արիստաքիի արհեստանոցը փակվեցավ, և անոր գործակատարը կիսատ մնացած գործերը հանձնեց Զարեհ էֆենդիին, այս վերջինը իր հաղթանակը վայելեց լռու- թյամբ:


Գրասենյակին մեջ, երբ Զարեհը և Բարպան մինակ մնացին, Զարեհը նշանակալից ակնարկով նայեցավ Բարպային, ձեռքերը իրար շփեց և անկարևոր պատվեր մը տվավ, իր սիրտի անբավ գոհունակությունը ծածկելով. հետո, արբածի նման դեդևելով, դուրս ելավ և տուն վերադարձավ։


ճիզվիտը հաղթեր էր Դըրջանին: