Այս էջը սրբագրված է

Բարպան չի տեսավ, որովհետև այդ խոսքերը ըսելով՝ անիկա կրկին մտեր էր հնոցներա խլացուցիչ սրահը։


Քիչ հետո եկավ Զարեհ էֆենդին և Բարպայի հետ առանձնացավ գրասենյակին մեջ։


—Խաչիկ,— ըսավ անիկա, գլխարկը դնելով դարանի մը վրա,— քաղաքին մեջ այլընդայլո լուրեր կշրջին. իմ կարծիքս այն է, որ գոնե մեզի համար վախնալիք բան չի կա… գործերը պետք է շարունակվին, իսկ եթե աշխատավորներեն մեկնումեկը, ականջ կախելով այդ լուրերուն, գործի չի գա, կճամփենք… առաջուց ազդարարե…


Հետո Զարեհ էֆենդին և Բարպան խոսեցան իրարու հետ հանձնելիք և ստանալիք գործերու մասին։ Սերասքերը կը դժկամեր դրամ տալու և հանձնված գործերու փոխարեն ստացականներ կուտար։


—Կառավարության հետ գործ ունենալը աղեկ Է, բայց իր գեշ կողմերը ունի,— ըսավ Զարեհ Էֆենդին,— պետք Է դիմանալ, ըսենք թե դեռ քիչ մը ատեն ալ դիմացանք, հետո՞… Բարեբախտաբար, Կյուլենցը խոստացավ դեսպանատան կողմե ճնշում մը ընել սերասքերին վրա, բայց եթե հույսերս ի դերե ելլեն, դուք ալ ինձի հետ պիտի համբերեք…


— Ատիկա անկարելի Է,— ըսավ Խաչիկը,- մերինները օրը֊օրին ապրող մարդիկ են։


—Խաչի՛կ,— ըսավ Զարեհ Էֆենդին սաստող ձայնով,- օրերը հղի են, ինչ կըլլա, ինչ չըլլար, քիչ մըն ալ ատոր մտածեցեք։


—Ինչ որ ալ ըլլա,— ըսավ Բարպան,- ողջ մնացողը իր հացը պիտի ուտե։ Մեզմե ոչ մեկը բանքան փարա չունի։


Զարեհ էֆենդին խստորեն պիտի առարկեր, երբ աշխատանոցեն Խաչիկը կանչեցին։ Անիկա գնաց սալի մը առաջ և հարկ եղած պատվերները տվավ։ Խաչիկը սրտնեղած էր և չէր ուզեր կրկին գրասենյակ մտնել. անիկա դանդաղորեն կանցներ սրահին մեջեն, երբեմն կանգ կառներ, դիտողություն մը կըներ խոսակցին ականջին, որովհետև մուրճերու հարվածներով առաջ եկած խլացուցիչ աղմուկին մեջ անկարելի էր իրարու խոսք լսել։ Աշխատանքային այդ ուժեղ ռիթ-