Ամեն անգամ, որ Հեղինեն տղան տեսնելե հետո տուն կվերադառնար, դառնորեն կուլար և Սոֆյայի վիզը նետվելով՝ կըսեր․
— Ալ մեկ մըն ալ ոտս չեմ դներ Բանկալթի, ավելի աղեկ է վիզես տոպրակ մը կախեմ, դռնե-դուռ հացս մուրամ։ Սոֆիցան անտրտունջ կխնամեր մայրը, մեղմորեն կխրատեր, կխոստանար կար կարել, դրամ վաստակել, հանգիստ կյանք ստեղծել իրենց համար։
— Սեղբոսը իրավունք ուներ, լուսերու մեջ պառկի, աղջի՛կս,— կըսեր Հեղինեն փղձկող ձայնով,— աստված քեզ ղրկեց մեր տունը իբրև պահապան հրեշտակ։
Հեղինեի աղջիկներեն մեծը մեռեր էր տղաբերքե, Բրուսայի մեջ, մյուսները գացեր էին Ռոդոսթոյի կողմերը և «իրենց յուղով կտապկվեին»։ Անոնցմե խեր չի կար. չէին կրցած նույնիսկ այցելության գալ Պոլիս, և վաղուց մայրը և աղջիկները իրարու որոշ հասցե կորսնցուցած էին։
Սոֆիցան, վերջապես, իրականության ծանր հարվածներու տակ սթափվեցավ իր տարտամ երազանքներեն, ինքզինքը հավաքեց և սկսավ կարի գործ փնտրել և դիպվածի մը հետևանքով գտավ լավ գործ մը․ ֆրանսիացի ուսուցչուհի մը, մադամ Բլան, որ Շիշլիի կողմը կբնակեր և քսանի չափ գիշերօթիկ աղջիկներ ուներ, Սոֆիցան իր մոտ առավ իբրև կարուհի։
Անմիջապես Հեղինեն և Սոֆիցան թողուցին իրենց մութ ու խոնավ բնակարանը և գացին հաստատվեցան Թաթավլայի մեջ, որ արվարձանային թաղի մը կնմաներ իր փայտաշեն և առանձին տուներով, որոնցմե ոմանք նույնիսկ շրջապատված էին պարտեզով։ Հույն արհեստավոր ընտանիքի մը տանը մեջ անոնք վարձեցին մեծ սենյակ մը, և երկու կիները տեղավորվեցան։
Ամեն առավոտ կանուխ Սոֆիցան կերթար մադամ Բլանի պանսիոնը և օրնիբուն կաշխատեր․ այնտեղ կարկտուք կըներ, նոր ճերմակեղեն կձևեր ու կկարեր, հայտնաբերելով իր նուրբ ճաշակը։
Մադամ Բլանը նախկին դերասանուհի էր, որ զանազան արկածներե հետո եկեր խրվեր էր Պոլիս։ Սոֆյան կարծես