Անոր աչքերը բութ նայվածքով, գրեթե անտարբերությամբ կսևեռեին զինքը։ Անիկա չի պատասխանեց Սոֆյայի հարցումներուն և միայն նայվածքին սևեռակետը փոխեց դանդաղորեն։ Սոֆյան մնաց պառավին մոտ, դրացի մը ղրկեց բժիշկ կանչելու և մտատանջությամբ սկսավ սենյակը հավաքել, քիչ հետո Հեղինեն թանձր ձայնով, ինչպես եթե բան մը պահած ըլլար բերնին մեջ, Սոֆյային խնդրեց, որ գտնե իր տղան՝ Պետրոսը, և ստիպե որ գա իր մոտ։
Սոֆյան հիվանդը հանձնեց դրացուհիի մը և ինքը արագ քայլերով բարձրացավ Բանկալթի։ Գիտեր, որ Պետրոսը այժմ հարուստ աներին սեփական տան մեջ կբնակի, Բանկալթիի Շիտակին վրա, բայց այդ տան ո՛չ տեղը գիտեր, ոչ ալ թիվը։ Մտածեց դիմել Պետրոսի նախկին կոշկարարի խանութը, որ այժմ ուրիշի փոխանցված Էր և ուր անտարակույս կարող էին իրեն տեղեկացնել հարկ եղածը։
Խանութին դռան առաջ Սոֆյան կվարտներ մտնելու, երբ երիտասարդ բանվոր մը, որ Զարեհ Էֆենդիի արհեստանոցին սեմին վրա կանգնած էր, տեսնելով երիտասարդ աղջկան անհանգիստ դեգերումները, քանի մը քայլ առավ և մոտենալով անոր՝ հարցուց հունարեն լեզվով՝
—Քո՛ւյրս, ո՞վ կուզես։
Անիկա թուխ և թիկնեղ երիտասարդ մըն Էր։ Հագնված էր մութ-կապույտ կտավե շապիկ, առանց բաճկոնի։ Թևերը հանգրիճած էր մինչև արմունկները և մուրոտ ձեռքերով սիգարեթ մր կոլորեր։ Անոր գանգուր մազերով գլուխը, սև աչքերը, որ հառաջացած թանձր հոնքերու ներքևեն կպսպղային, զուրկ չէին գեղեցկութենե։ Անիկա կնայեր նիհար և դժգույն աղջկան, որ, շփոթված և հուզված, հազիվ կրցավ իր խորթ եղբորը անունը տալ։
— Քու խոսքը Ծատուրյաններու փեսի՞ն մասին է․․․
Սոֆյայի հաստատական նշանին վրա երիտասարդը ավելցուց․
— Անոնք հոս չեն, վերին Վոսփոր գացեր են ընտանիքով, տանը ծառաներեն զատ մարդ չի կա։
Սոֆյան՝ հանկարծակիի եկած, սկսավ դողալ։
Սևահոն բանվորը ավելի խոր նայեցավ աղջկան և հարցուց կասկածով․