Այս էջը սրբագրված է

—Ես կըլլամ քեզի ընկեր,— ըսավ Յորկին,— և քեզ կներկայացնեմ իմ մյուս ընկերներուս։

Կեսգիշերը անց Յորկին և Միհրանը կլանված էին, ըստ երևույթին, կացության անհամապատասխան զբաղումով մը։ Անոնք կեդրոնացեր էին գրքույկի մը ընթերցանության մեջ։ Միհրանը ֆրանսերենե կթարգմաներ, և Յորկին թարգմանածը հունարեն կգրեր տետրակի մը մեջ։ Երբեմն անոնք հատվածի մը վրա կանգ կառնեին և իրար հետ կխորհրդակցեին թափանցելու համար իմաստին։ Երբեմն ալ իրենց աշխատանքը կընդհատեին, երբ հիվանդը խուլ տնքոց մը կարձակեր։ Այն ատեն երկուքն ալ կերթային Սոֆյային մոտ։ Անիկա՝ աչքերը փակ, մեռելի պես դժգույն, պառկած էր անշարժ և երբեմն ցնցումներ կունենար։ Երբեմն ալ թաքուն ցավ մը կմղեր հիվանդը խուլ մռնչյուն մը արձակելու։ Երկու պատանիները՝ անզոր և դողահար, կհետեվեին այդ երևույթներուն, կարթնցնեին երկու հարևանուհիները, որ բազմոցին վրա կքնանային, և երբ հիվանդը կանշարժանար, իրենք ալ կհանգստանային և կշտապեին սեղանին առաջ։

Երկուքին ալ հոգին ալեկոծ էր՝ ցասումով և կսկիծով, օրվան ընթացքին կրած տպավորություններու հետևանքով։ Անոնք մանրամասն չէին խոսիր իրենց տեսած և լսած բաներու մասին, բայց կզգային, որ հաղորդակցության մեջ են իրար հետ և համախոհ։ Միհրանի նուրբ դիմագծերը ունեին թախծալի և մտամփոփ արտահայտություն, մինչդեռ Յորկիի լիարյուն և առույգ դեմքը ալ ավելի շիկներ էր և կարծես կվայրագանար։ Եվ անոնք երկուքն ալ ցավով և վշտով ներծծված իրենց ուղեղներով անհամբեր էին թափանցելու գրքույկի բովանդակության։

Այդ գրքույկը «Կոմունիստական մանիֆեստի» ֆրանսերեն թարգմանությունն էր։ Ռեմզին ճակատ մեկնելե առաջ մեյ֊մեկ օրինակ տվեր էր իր երիտասարդ ընկերներուն, որպեսզի կարդան և ուսումնասիրեն։ Անիկա պատվիրեր էր գաղտնապահություն այդ գրքույկի վերաբերմամբ, բայց և հանձնարարեր էր անոր բովանդակության հաղորդակից ընել