Այս էջը սրբագրված է

հետ, և ոչ ոք կրնար զինքը մխիթարել։ Վիկտորյան, Բարպան, Միհրանը, դպրոցի ընկերները ամեն ինչ կընեին ամոքելու համար անոր վիշտը, բայց չէին հաջողեր։ Ամեն առավոտ անիկա կերթար մորը գերեզմանին վրա և այնտեղ միայն հորդառատ արցունք թափելով, երեսը կծածկեր թարմ հողակույտին վրա և մորը կուղղեր այն գորովի խոսքերը, որոնց համար ժլատ եղեր էր, և կտանջվեր մտածելով, որ այդ խոսքերը պետք էր ըսած ըլլար իր վշտաբեկ և շարունակաբար մտատանջ մորը։

Քանի մը շաբաթ հետո Յորկին հանդարտեցավ։ Վիկտորյան ուզեց իր եղբորը որբը բերել իր տունը, բայց Յորկին վճռականապես մերժեց Բարպային՝ ենթարկվիլ այդ կարգադրության։ Յորկիին համար անհանդուրժելի էր Բեռնարներու ներկայությունը, որոնց մասին բազմաթիվ անգամներ լսեր էր հորը կարծիքը, երբ Վասիլը իր կնոջը կխոսեր Բարպայի գլխուն եկած «փորձանքի» մասին։

Բարպան, զգալով, որ անհաղթելի է Յորկիի դիմադրությունը, տեղի տվավ։ Անիկա հսկեց, որ Վասիլի կարասիները ծախվին լավագույն պայմաններով, ինքն ալ վաշխով գումար մը փոխ առավ, ավելցուց կարասիներու գինին վրա և առանց այդ մասին նույնիսկ Վիկտորյայի հետ խոսելու, հանձնեց Յորկիին. անիկա առանձին սենյակ մը վարձեց Ստամբուլի խաներեն մեկուն մեջ, ուր գավառներե եկած ուսանողներ կբնակեին, և սկսավ ապրիլ ինքնուրույն կյանքով։ Հանգստի և արձակուրդի օրերը անիկա հաճախ կուգար Բարպայի տունը, մանավանդ այն ժամերուն, երբ Բեռնարներու ներկայությունը հավանական չէր: Յորկին իր որդիական ջերմ սերը փոխադրեր Էր Բարպայի և Վիկտորյայի վրա, բայց ան ա՛լ ավելի սերտ բարեկամությամբ կապվեր Էր Միհրանի հետ, որ այլևս, ամենայն իրավունքով, կրնար իր ընկերը կոչել։