— Դուն ի՞նչ գործ ունիս Պետրոսին հետ։
— Մայրը,– ըսավ Սոֆյան դողդոջուն շրթներով,– մայրը ծանր հիվանդ է, ուզեց տղան տեսնել, ուրիշ մարդ չունինք, մեկը չունինք․․․
Բանվորը պահ մը մտածեց և ըսավ․
— Ժամանակին Պետրոսը մեր ընկերն էր, հիմակ քիթը մեծցեր է, բայց հոգ չէ, քիչ մը կեցիր, հիմա կուգամ։— Մտավ արհեստանոց և դուրս եկավ ֆեսը դրած և բաճկոնին մեկ թևը հագած։
— Դուն առաջքես գնա,— ըսավ Սոֆյային,— ես քեզի կհետևիմ։
Սոֆյան առանց ետև դառնալու վերադարձավ տուն։ Երբ Հեղինեին սենյակը մտավ, բանվորը ետևեն մտավ ներս։
Բժիշկը եկեր էր և Հեղինեի վիճակը գտեր էր անհույս։ Պատվիրեր էր մանանեխ դնել ոտքերուն և դեղագիր մը թողեր էր խմելիք դեղի մը համար։
Բայց պառավը սկսեր էր խորդալ։ Այսուամենայնիվ ան աչքերը բացավ և, Սոֆյային նայելով ներուժ նայվածքով, ըսավ ալ ավելի թանձր ձայնով։
— Ինձի առանց դագաղի չթաղեք։
Եվ արցունքի երկու խոշոր կաթիլներ սահեցան անոր ուռած այտերուն վրա։
Վասիլը, այդպես էր բանվորին անունը, հանձն առավ զբաղվիլ բոլոր գործերով՝ մինչև որ Պետրոսը գար, որու ետևեն հատուկ մեկը ղրկեր էր։
Հեղինեն մեռավ երկու օր ետքը՝ առանց տղան տեսնելու, որ չէր ուզած վերին Վոսփորի ամառանոցեն իջնել, բայց ան մեծկակ գումար մը ղրկեր էր Վասիլին և պատվիրեր էր, որ մորը համար առաջին կարգի հուղարկավորություն ընեն, բայց, մանավանդ, ծանուցում դնեն մայրաքաղաքի բոլոր հայ թերթերուն մեջ, ուր պետք է տպված ըլլար իր և աներոջ անունը քով-քովի։
Ամիս մը հետո, որու միջոցին Սոֆյա գրեթե ամեն օր ճամփուն վրա կհանդիպեր բանվորին, իրիկուն մը, Վասիլը եկավ այցելության և ըսավ երիտասարդ աղջկան․