չէր ծիծաղեր Մաննիկի նման, այլ անմիջապես կվազեր դռան մոտ, կսաստեր և կմտրակեր շունը և ներողություն կխնդրեր Մաննիկեն, «որովհետև,— կըսեր Միհրանը երիտասարդ աղջկան,— այս տան դուռը զարնողները պետք է, որ անխտիր գտնեն ջերմ հյուրասիրություն»։ Եվ Մաննիկը այն ատեն կհիշեր իր անտեղի ծիծաղը և կհասկնար իր սխալը։
Բայց այդ բոլորը ինչպե՞ս կարող էր իրականություն դառնալ դեմիրճի Սահակի տղուն համար, եթե ոչ ուսմունք ստանալով և դառնալով երևելի մարդ։ Ուրիշ հույս և միջոց չի կար Միհրանին համար։
Ուրիշ հանգամանք մը, որ մասամբ տանելի դարձուց Միհրանին կոլեջի կյանքը, այդ Արտակի վերաբերմունքն Էր իրեն հետ։
Արտակը ավարտական դասարանն էր և անվանի ու հարուստ համարված մարդու զավակ էր։ Արդ, Արտակը հայտնապես ցույց կուտար խոնարհ բարեկամություն դեպի Միհրանը, և ան իր վարմունքով անուղղակի դարձեր էր բաբոյական նեցուկ Միհրանին համար։
Այդ էր պատճառը, որ Միհրանը չէր ենթարկվեր շատ կոպիտ կատակներու և զանազան անախորժ դեպքերու, որոնք կարող էին առաջ գալ Միհրանի դյուրազգաց հպարտության հետևանքով։
Առաջին հանդիպում են իսկ Արտակը ներշնչեց Միհրանին հիացմունք և սեր։ Միհրանը կհիանար Արտակի ամեն բանին։ Անոր պարզ, բայց էլեգանտ արդուզարդին ամենափոքր մանրամասնությունները կկրեին նուրբ ճաշակի այնպիսի, կնիք մը, որ Միհրանը անհասանելի կհամարեր։ Անոր ձայնը, խոսելու մեղմ և համոզիչ ձևը, ամենանուրբ քաղաքավարությունը, որ Արտակը գործադրության կդներ անխտրաբար ամենուն հետ, նույնիսկ դռնապանին և փողոցի պատահական մուրացկաններուն հետ խոսած ատեն, զմայլանք կպատճառեին Միհրանին։ Անիկա միշտ հուզումով կհանդիպեր Զարեհ էֆենդիի տղուն, և երբ արձակման ժամում իրար կհանդիպեին, Միհրանը շնորհապարտությամբ կնդուներ Արտակի առաջարկը, որով ան կհրավիրեր Միհրանը քիչ մը միասին պտույտ ընելու։