— Սոֆյա՛, ես քեզ սիրեցի, կուզեմ քեզի առնել, եթե դուն ալ կուզես։
Վասիլը Սոֆյայի երազած փեսացուն չէր, բայց համաձայնեցավ ամուսնանալ հետը, որովհետև ուրիշ հեռանկար չուներ, բայց, մանավանդ, հակառակ իրեն, թաքուն համակրանք ուներ անոր նկատմամբ։
Ամուսնութենեն տարի մը հետո ծնավ Յորկին։
Սոֆյա իր բոլոր ուժով սիրեց մանկիկը, որ այլևս դարձավ իր կյանքի առանցքը։ Ան մոռցավ իր տարտամ երազները, իր տխրությունները, բայց մայրական սերը հետզհետե կդառնար իր մեջ հիվանդագին դյուրզգացություն մը, որ զինքը կտանջեր անտեղի մտահոգություններով։ Գիշերը տասը անգամ կելլեր անկողնեն և կուգար օրորոցին քով մանկանը շնչառությունը լսելու համար։ Կերևակայեր, որ երեխան հիվանդ է և չեն կարող փրկել։ Իր ախտավոր երևակայությունը միտքը կտաներ մինչև աղետալի հավանականությունները, և աղի արցունք կթափեր ճակատը կռթնցուցած առողջ երեխային օրորոցին։ Հաճախ, քնած երեխան կվերցներ իր տեղեն, կսեղմեր կուրծքին վրա և անոր քունե թուլացած այտը դնելով իր խոնավ երեսին, խելահեղորեն կմտածեր, թե ինչ պիտի ըներ, եթե մանկիկը կորսնցներ։
Վասիլը կսիրեր իր կինը խոր սիրով։ Ան այլևս չէր հաճախեր գինետուները և աշխատանքի ժամերե հետո, եթե որևէ գործի պատճառով չհարկադրվեր սրճարան երթալու, հանդիպելու իր ընկերներուն, կվերադառնար տուն։ Անիկա իր սերը կնոջը նկատմամբ չէր արտահայտեր խոսքերով, այլ ուշադիր հոգածությունով։ Սոֆյային բարակ հասակը, նույնիսկ դժգունությունը խանդաղատանք կներշնչեին իրեն։ Կարծես իր խնամքին հանձներ էին շատ դյուրաբեկ և թանկագին բան մը և վախ ուներ, որ որևէ անզգուշությամբ կխորտակեր։ Վասիլը ներողամտությամբ կտաներ կնոջը հիվանդագին կասկածամտությունը տղուն նկատմամբ, հակառակ որ իր ողջամտությամբ կդատեր, թե այդ բոլոր հոգերը անհիմն էին։
Դրացուհիները հաճախ կըսեին իրեն, որ եթե Սոֆյան շարք մը զավակներ ունենար, այդպես չէր մնար, բայց Վասիլը համաձայն չէր «աղքատներու թիվը ավելցնելու»։