թյան գործին։ Իսկ միսիայով որևէ անծանոթ երկիր երթալը,— կըսեր ան,— այնպիսի հրապույրներ ունի, որոնց նմանը մենք չենք կրնար գտնել երբեք աշխարհային վայելքներու մեջ։ Մարդս դեռ այս երկրին վրա, կարծես թե, կհպի երկինքին։
Միհրանը նախ կարևորություն չի տվավ հայր Սիմոնի ըսած խոսքերուն. հակառակ որ անոր ցույց տված սիրալիրությունը անախորժ Էր իրեն, Միհրանը չէր կրնար կեղծել, բայց չէր կրնար նաև մերժել, երբ հայր Սիմոնը զինքը կհրավիրեր իր խուցը որևէ պատրվակով։ Անիկա կհետաքրքրվեր Միհրանի նյութական կացությունով, ընտանեկան պարագաներով։ Երբ լսեց, որ Միհրանը հայր և մայր չունի, հայր Սիմոնը ըսավ, թե այդպիսիներու վրա աստված իր ձեռքը դրած է։
Հայր Սիմոնը կհետաքրքրվեր նաև Միհրանի դասերով և մտերմաբար կխոսեր պատանիին հետ դասախոս ֆրերներու թերություններու վրա։ Անիկա, օր մը, արհամարհանքով խոսեցավ Միհրանի դասընկերներու մասին և ըսավ, թե անոնք անբան անասուններ են, որոնց մեջ վայրագներն ալ կրնան գտնվիր Միհրանը զարմացավ, երբ հայր Սիմոնը զայրույթով խոսեցավ հարուստներով դեմ և ըսավ, որ աշխարհիս ընչազուրկներն են աստուծո ընտրյալները։
—Եթե մենք,— ըսավ ան,— հետևինք Ավետարանի խոսքին և ոգիին, կտեսնենք, որ աղքատությունը շնորհաց վիճակ է։ Ճշմարիտ քրիստոնյան նույնիսկ կամավորապես կորդեգրե աղքատությունը։ Ավետարանը մեզ կավանդե հավասարություն և խոնարհություն։
Եվ այս խոսքերր ըսելով, հայր Սիմոնը սուր նայվածքով կհետազոտեր Միհրանին կրած տպավորությունը։
Անիկա նիհար մարդ մըն էր, և դեղնորակ դժգունություն մը, որ հետևանք էր գաղութներով մեջ ստացած լյարդի հիվանդաթյան, թխացած փղոսկրի անթափանցություն կուտար անոր մորթին։ Անոր գորշագույն աչքերը ընդհանրապես մեղմ նայվածք ունեին, բայց երբեմն կարձակեին անհանգստացնող շողյուններ։
Միհրանը չէր գիտեր ինչ եզրակացության հասնիլ հայր