Այս էջը սրբագրված է

—Միհրա՛ն,—ըսավ անիկա,– դուն բնավ վարդապետ ըլլալու միտք չունի՞ս։

Հետո ոտքի ելավ, եկավ Միհրանին քով, ձեռքեն բռնեց և ըսավ.

—Հիմակ ճաշասրահ երթանք, մյուս հյուրերը եկած ըլլաու են։

Միհրանը իր պատանեկան հոգու ամբողջ թափովը լեցվեցավ սիրով Մաննիկի նկատմամբ։ Իր կարծիքով, Մաննիկի համբույրը անխզելի դաշինք էր իրենց մեջ։ Անիկա ավելի ծանրորեն զգաց ուսմունք ստանալու և Մաննիկին արժանավայել կացության տիրանալու պահանջը։ Անիկա լի էր նեբքին հուզուամնալի կյանքով. անոր արարքները, խոսքերը, ամբողջ էությունը քաղցր նպատակ մը ունեին։ Մաննիկը դարձավ ամեն բանի կեդրոնը, իր զգացումներու և մտածողության առանցքը։

Միհրանը հաճախ կերթար Մաննիկին այցելության, բայց այլևս անոնք չէին առանձնանար։ Միշտ շրջապատված էին ուրիշներով։ Բայց այդ հանգամանքը տհաճություն չէր պատճառեր Միհրանին։ Անիկա ինքզինքը երանության մեջ կզգար Մաննիկի ներկայության և նույնիսկ բազմության մեջ կարծես առանձին էր անոր հետ: Միհրանի երջանկությունը անսահման Էր և թևեր կուտար իրեն։ Երբ Մաննիկը կմոտենար իրեն, և անոր քղանցքը կհպեր իր կողին, կամ բան մը առնել–տալու միջոցին իրենց ձեռքերը կհանդիպեին իրարու, Միհրանի սիրտը կնվաղեր հուզմունքե։ Անիկա նույնիսկ կզգուշանար մինակ մնալու Մաննիկին հետ, վախնալով, որ հարկ եղած շնորհով չԷր կրնար համբուրել անոր ճակատը: Միհրանը այն կարծիքը ուներ, որ այս անգամ կարգը իրն էր նախաձեռնարկ ըլլալու և ավելի պատշաճ և նուրբ կգտներ համբուրել Մաննիկի ճակատը, քան թե այտերը և շրթունքը։

Իրիկուն մը, երբ հուզմունք և գինովի Միհրանը դուրս կելլեր Մաննիկի տունեն, հանդիպեցավ Արտակին։ Միհրանը շվարեցավ և բան մը ըսելու համար ըսավ Արտակին.

-Տված գիրքերդ կարդացեր եմ, վաղը կբերեմ։