Այս էջը սրբագրված է

նպատակ մը կհետապնդեր՝ մարդոց մեջեն վերցնել անհավասարությունը, և թող ամենքն ալ երջանիկ ըլլային։ Անիկա իր մտերիմ մտածումին մեջ կընդուներ նաև, որ մինչև մահ պետք է պայքարիլ անոնց դեմ, որոնք արգելք կհանդիսանային այդ նպատակի ճամփուն վրա։ Բայց ի՞նչ միջոցով հասնիլ այդ նպատակին։ Այդ դեռ անհայտ էր իրեն համար։ Բայց անիկա մտադիր էր երբեք չի թուլացող հետապնդություններով որոնել այն ճանապարհները, որովկարելի էր հասնիլ այդ բարձր նպատակին։

Օր մը, որ այդ գաղափարներով շատ լեցուն էր և մտատանջ, Միհրանը խոսեցավ Դասկալոսին։ Ծերունի ուսուցիչը հասկցավ Միհրանին հոգեկան թռիչքները և մեղմությամբ ըսավ անոր.

—Այդ ֆրանսացի ֆիլոզոֆը, Ժան Ժակը, ընտիր ֆիլոզոֆ է, թեև շատ ետ կմնա հին անտիկ Հունաստանի իմաստուններեն, որոնց խոսքին և գործին մեջ տարբերություն չի կար։ Գալով մարդոց հավասարության, ատիկա ներդաշնակության խնդիր մըն է, որուն կհասնին գագաթները։ Տեսե՞ր ես, տղա՛ս, անտառը… անոր բարձր ծառերու գագաթները իրարու հետ կներդաշնակվին և հավասարապես կընդունին արևին լույսը։ Երբ առավոտուն կանուխ բարձր տեղե մը դիտես անտառը, կտեսնես, թե ինչպես մեղմորեն օրորվելով, անոր սաղարթները կսոսափեն հրճվանքով։ Ամեն ինչ լույս Է, կայծկլտում, դաշն երաժշտություն։ Այդպես պիտի ըլլա նաև մարդկությունը. հին հույն իմաստուններր ծանուցեր են մարդկության պայծառ ապագան։ Ծառերը իրենց կատարներով կմիանան իրարու և կմրմնջեն քաղցր մեղեդի, կյանքի ուրախության տաղը, որովհետև անոնք հասած են հավասարության։ Բայց մտիր անգամ մը անտառին մեջ և կտեսնես, թե ինչ վայրագ պայքար կա այդ կենդանի, բայց անշարժ և անխոս Էություններու մեջ։ Անօգուտ ճճիներ, մակաբույծ բույսեր կուզեն խափանել ծառերու աճը, անոնք կսողան, բայց իրենց շոշափուկներով կձգտին կառչիլ բարձր ծառերու փափուկ մասերուն՝ ծծելու համար անոնց կենսական հյութը։ Մարդկությունը, տղաս, մեր օրերուն դեռ անտառին մութ խորքին մեջ Է։ Պետք Է անողոք պայքարիլ