Այս էջը սրբագրված է

այդ մակաբույծներու դեմ՝ աճելու, բարձրանալու և հասնելու համար կատարներու հավասարության։ Անիկա լռեց և խորհրդավոր կերպով աչքերը քթթեց, հետո ըսավ.

—Պետք է անողոք ըլլալ պաշտպանելու համար կյանքի իրավունք ունեցողները։

Հետո հազաց և նայեցավ Միհրանին, որ մտածկոտ մնացեր էր՝ Դասկալոսի խոսքերը լսելով։

—Պետք է մեռնիլ գիտնալ ապրելու իրավունք ձեռք բերելու համար,– ըսավ ան կատաղությամբ,— այս է օրենքներու օրենքը։

Եվ դուրս նետվեցավ բակի դռնեն։

                              *
                            *   *

Միհրանը շատ կփափագեր Մաննիկը մասնակից ընել զինքը հուզող խնդիրներուն։ Բայց ո՞ր ծայրեն սկսիլ, ինչպե՜ս խոսիլ անոր հետ, որ միշտ զբաղած էր մանր խնդիրներով, որ իր քթին խնդացեր էր, երբ օր մը առաջարկեր էր անոր ժան֊ժակ Ռուսոյի անհավասարության մասին գրածը կարդար:

Մամաս չուզեր, որ կարդամ,— ըսավ Մաննիկը,— կըսեր, որ աչքերուս փայլը կկորսնցնեմ։ Կերևա կայե՞ս, եթե ստիպվիմ ակնոց գործածել, պառաված վարժուհիի երևույթ առնել… Բայց ես նորեն կկարդամ… Վերջերս կարդացի Օնեի «Դարբնոցապետըշ» և գիտե՞ս ի՛նչ մտածեցի. ենթադրենք, որ դուն դարբնոցապետն ես, Կլերն ալ ես եմ… չէ՞ որ ես նշանված էի Արտակին, ան ալ ինձ չուզեց, ես ալ ճարահատ քեզի հետ ամուսնացա, որ, ենթադրենք թե, երկաթագործ ես… Վերջապես, այնքան, այնքա՜ն արցունք թափեցի, մտածելով խեղճ Կլերին վիճակին վրա… Բայց դուն ինձ հետ գեշ չես վարվիր, չէ՜, հարսանեկան գիշերը, եթե ըսեմ, որ չեմ ուզեր քեզի…

Եվ Մաննիկր խնդաց իր երկու այտերու փոսիկներովը։

Տեսակ մը հուսախաբություն սպրդեցավ Միհրանի հոգիին մեջ Մաննիկի վերաբերյալ, որ հետզհետե աճեցավ։