— Մեզ պես մարդոց համար,— կըսեր ան,— շատ զավակը չքավորություն է։
Ինքը ունեցեր էր շատ դժբախտ մանկություն և խոր տխրությամբ կհիշեր իր կյանքի այդ շրջանը։
Հայրը Արշիպեղաքոսի կղզիներեն էր։ Մայրը մեռած էր տղաբերքի ժամանակ, երբ ինքը՝ Վասիլը երկու տարեկան էր։ Նորածինը հանձներ էին տատին, որ լվացք ընելով կապրեր մինակը, կղզիին մյուս կողմը։ Վասիլը հոր հետ կբնակեր խորտակված մակույկներու տախտակներով շինված հյուղակի մը մեջ, կղզիին լերկ կողին վրա, որ առանձնակյաց ձկնորս մը շինած էր անշուշտ և հետո լքած։ Հայրը ոչինչ չուներ, բացի նավակե մը, որով քիչ մը դրամ կվաստակեր, երբ որևէ օտար շոգենավ խարսխեր բաց ծովին մեջ։ Բայց սա շատ հազվադեպ բան էր։ Կկերակրվեին ընդհանրապես կանանչ և դառն ձիթապտուղով և մորմենիներով, իսկ հացը թանկագին ապրանք էր իրենց համար։ Երբեմն հայրը ուռկանը կնետեր և ձուկ կորսար։ Այն ատեն լերկ և ժայռոտ հողեն դժվար դուրս ցցված մացառները և տատասկները կհավաքեին, կվառեին և ձուկը կխորովվեին, բայց այս ալ հազվադեպ բան էր, որովհետև կղզիին ամբողջ ձկնորսության տեր դարձեր էր կապալառու մը, և միայն իր ձկնորսները իրավունք ունեին ազատ-համարձակ ուռկան նետելու։
Եվ հորը հին նավակը փոթորկի մը օր խորտակվեցավ․ ալիքները խզեր էին կապերը և շարք մը նավակներ քշեր էին կղզիին ապառաժուտ կողերուն վրա։
Այն ատեն հայրը որոշեց հեռանալ այդ անիծյալ կղզիեն, որուն վիլլաներու պարտեզներուն կռնկենիի ծաղիկները և գույնզգույն հորդանսիաները անկարեկիր անտարբերությամբ կդիտեին իրենց անհույս թշվառությունը։
Այն ատեն Վասիլը ութ տարեկան էր և քույրը՝ Վիկտորյան, վեց տարեկան։ Եկել էին Կոնստանդնուպոլիս և խցկվեր էին Ստամբուլի խաներեն մեկուն մեկ մութ անկյունը։ Ամեն առավոտ կանուխ հայրը կմեկներ և իրիկունը ուշ ատեն կվերադառնար։ Ան չարաչար կաշխատեր՝ նավահանգիստը բեռնակրություն ընելով, և հացի մը փարա կճարեր։ Երբեմն ալ կվերադառնար անդամները խորտակված, հոգնութենեն