սպառած, մարդկային դեմքը աղավաղված։ Ան մինակը կխոսեր և շարժուձևեր կըներ։ Կամ թե անկենդան իրի նման կիյնար խշտյակին վրա և անմիջապես կքներ մեռելի պես։ Բայց երբեմն ալ գեշ երազ կտեսներ և ահավոր կերպով կգոռար։ Վասիլը և քույրը կցցվեին իրենց խշտիկներուն վրա և ահաբեկված, շունչերնին բռնած կսպասեին, որ հայրը ղադրի գոռալե։ Անիկա վերջապես կարթննար, կնստեր և կսկսեր հևալ։ Կարծես թե մեկը կհալածեր զինքը, և ձեռքերովը հավաքելով վերմակը, կարծես մեկը կխեղդեր։
Խանը լի Էր եվրոպացի, կղզեցի, անատոլցի հայ և հույն պանդուխտներով։ Անոնք հայրենակցական կապեր ունեին, երեկոները երբեմն կխմբվեին, կնվագեին սրինգի վրա, կերգեին, կպարեին։
Վասիլը և քույրը օրնիբուն կթափառեին փողոցները, ամառը սեխի և ձմերուկի կեղևներ կկրծեին, կորիզները կհավաքեին,իսկ ձմեռը կերթային կփնտրեին փտած նարինջներ մեծաքանակ վաճառողներու մթերանոցներու շուրջը։ Անոնք կխաղային փողոցի շուներու հետ, իրենց նման անտեր մոլորված ստահակներու հետ և անսահման, երբեք չգոհացված տենչանքով կդիտեին շրջուն վաճառողներու սիմիթները և շաքարով շինված աքաղաղները և թմբուկները։
Երբեմն ալ հայրը կվերադառնար ձեռնունայն, և անոթի կպառկեին իրենց խշտիկներուն վրա։ Վասիլի քունը կփախեր և կռնակի վրա պառկած, գալարվելով դատարկ ստամոքսի պանանջներե, դառնորեն կգիտակցեր կացության անարդարության մասին, բայց ի՞նչ ընել, ի՞նչպես ընել։
Գրիպի համաճարակի մը ընթացքին ղարիբներ մեռան խանին մեջ, Վասիլը կհետևեր անոնց դագաղին, և սիրտը կլեցվեր արհավիրքով։ Գունատ սքեմով, անխնամ մորուքր հովին, պանդուխտ քահանա մը կուգար, աղոթք մը կմռլտար մեռնողի վրա, կամ, եթե մեռնողը հունադավան Էր, բոբը կուգար, ճաղատ գլխուն երկու կողմերեն երկարող ցանցառ մազերը հավաքած ծոծրակին վրա, տափակ գագաթով գլանաձև սև գլխանոց քաշած մինչև հոնքերը, բոբը կուգար արտորանքով տեր ըլլալու իր մեռելին․ քահանային և բոբին կարծես գլխավոր հոգը այն էր, որ իրենց մեռելը ձեռքե