Այս էջը սրբագրված է

և խորհրդավոր պատճառներոՒ վերագրեցին անոր իրենց մեջ ըլլալը։ Անոնք դիտեցին, որ Արտակը, ազատ պահերուն, փոխանակ հանգստանալու, գիրքը կհանե ծոցեն և կկարդա , և այդ անգիր մարդիկը երկյուղածությամբ լեցվեցան այդ քիտաբին համար, որուն մեջ կկարծեին, թե կարելի է կարդալ ապագան։

ճաշի պահերուն այդ արմատախիլ եղած գյուղացիները հարցումներ կուղղեին Արտակին.

—Անդրանիկ տղաս հիվանդ պառկած էր, ի՞նչ եղավ արգյոք, խաբրիկ մը չունիմ, աստուծո սիրույն, պատասխան մը տուր։

Ուրիշներ հարցեր կուտային Արտակին իրենց եզներու և կովերու մասին։

Արտակը քաղաքավար ուշադրությամբ կլսեր և, չի կրնալով ուղղակի պատասխանել, խորհուրդ կուտար չարիքին հանդեպ համակերպություն ունենալ և աստուծո կամ կամքին հնազանդություն։

—Սուրբ մարդ է,— կըսեին անոր ընկերները։ Անոնք ջանք չէին խնայեր, հնարավոր միջոցներով, տանելի կյանք ստեղծել Արտակին համար։ Մաքուր խոտով խշտյակ պատրաստեցին և ճաշի ժամանակ կսպասեին, որ ան ուտեր, հետո իրենց գալները կմտցնեին քարավանային մեջ: Արտակր հազիվ թե կնշմարեր այդ մանրամասնությունները, միայն կզգար, որ այդ մարդիկը՝ իր շրթունքեն կախված, իր խոսքին կսպասեին, և անիկա սկսավ Ավետարանը քարոզել թուրք զինվորներուն։ Այդ պարզ մարդիկը կկախարդվեին Արտակի խոսքերեն, երբեմն կհառաչեին, գլուխ կշարժեին և երբեմն ալ փղձկալով կուլային։

Երբ օր մր Արտակը բացատրեց Ավետարանի պատվերը՝ «մի սպանանեք»֊ը, և լուսաբանեց այդ պատվերին իմաստը պատերազմի կապակցությամբ, միջին տարիքով գյուղացի մը բացականչեց.

—Յա՜…— և նայեցավ շուրջանակի. հետո ըսավ հարցական.— հապա դյուշմա՞նը։

—Դյուշման չի կա,— ըսավ Արտակը,— աստուծո ստեղծած բոլոր արարածները եղբայրներ են։