չթողնեն և հույնը հայ քահանային ձեռքը չիյնա, և փոխադարձաբար։
Խանը կլեցվեր խունկի հոտով, և Վասիլին կթվեր, թե այդ էր իսկ մահվան հոտը։ Ան իր սարսափը փարատելու համար կգրկեր քույրը և անվերջ կկրկներ․
— Վիկտորյա՛, մի՛ վախնար, մի՛ վախնար, մեռելեն վախնալիք բան չկա։
Վերջապես, իր հայրն ալ զոհ գնաց համաճարակին։ Դեռ մեռելը չվերցած, խանճին սկսավ մաքրել իրենց անկյունը և դուրս նետել իրենց իրերը։ Քանի մը օր խանին ղարիբները պահեցին երկու անտեր երեխաները, հետո բոբը եկավ և որբանոց առաջնորդեց զիրենք, և քույր ու եղբայր բաժնվեցան իրարմե։ Տասներկու տարեկանին Վասիլը աշկերտ մտավ դարբինի մը մոտ, հետո անցավ երկաթագործի մը արհեստանոցը, ուր շուտով վարպետ դարձավ։ Սրճարանի մր մեջ ծանոթացավ Բարպա Խաչիկին, որ գինքր առավ իր պաշտպանության տակ և լավագույն պայմաններով տեղավորեց Զարեհ էֆենդիի աշխատանոցը։
Վասիլը, հակառակ իր երիտասարդ տարիքին, կյանքի փորձով բեռնավորված էր։
Անիկա ֆիզիկապես ուժեղ էր, առույգ և տոկուն ամեն կարգի աշխատանքի։ Անիկա իր սեփական ուժերու գիտակցությունովը կրնար երջանիկ ըլլալ, բայց ան խոցված էր մեծ ցավով մը։ Բերա հաստատվելեն հետո ուզեր էր քույրը գտնել։ Մտադիր էր սենյակ մը վարձել և միասին ապրիլ բարեկեցիկ արհեստավորի հանգիստ կյանքով։ Երբ իր ընկերուհիներու տուները կերթար, միշտ հաճույքով կգիտեր խնամոտ մոր մը կամ կնոջ մը կատարած դերը։ Նստիլ մաքուր բազմոցին վրա, զգալ տան ներքնամասի մը գրկող ջերմությունը՝ իրեն համար երազված երանություն էր։ Կմտածեր, ուրեմն, այդ երազը իրականացնել քրոջը հետ։ Վասիլը իր որոնումը սկսավ որբանոցեն։ Տասներեք տարեկանին Վիկտորյան իբր աղախին հանձներ էին Գարթալ բնակող ընտանիքի մը։ Երկու տարի հետո Վիկտորյան հեռացեր էր այդ տունեն, եկեր էր Բերա և մտեր էր հարուստ առևտրականի մը տունը, և պատահեր էր անխուսափելին։ Տանը