Այս էջը սրբագրված է

րակի օրով հետամուտ չըլլա ճիզվիտին։ Միհրանը տուն գնաց, իսկ Ղուկասը և Բարպան ամբողջ օրը փակվեցան տան մեջ։ Երկուշաբթի առավոտ Բարպան և Ղուկասը առանձին- առանձին դուրս ելան տունեն և տարբեր ճամփաներ բռնեցին։

Երբ Բարպան հասավ արհեստանոց, դեռ Զարեհ էֆենդին չէր եկած։ Աշխատավորներեն միայն տարեցները մնացեր էին, որոնք շշուկով պատմեցին նախորդ գիշերր պատահած ձերբակալություններու մասին։ Կըսեին, որ մեծ դատավարություն մը պիտի ըլլա գավառական հեռավոր քաղաքի մը մեջ, և այլ այս կարգի զրույցներ կպատմեին։

Բարպան անհամբեր էր իր գործը վերջացնելու ճիզվիտին հետ, որպեսզի հեռանար։ Անիկա անհանգիստ կպտուտքեր արհեստանոցին մեջ և կկշռեր հավանականությունները։ «Ինձի համար բան չի կա,— կմտածեր ան,— քանի որ միայն ուսումնական մարդիկ տարեր են»։

Բարպան բավական ատեն անգործ դեգերելե հետո կաշիե գոգնոցը դրավ և վերցնելով բանվորի մը աշխատանքը, սկսավ աշխատիր Ֆիզիկական և ընտանի աշխատանքը հանգստացուց զինքը, և անոր մուրճը գրեթե սովորական ռիթմը ստացեր էր, երբ դեմիրճի Հակոբը իրեն օգնելու պատրվակին տակ մոտեցավ և ըսավ.

– Բարպա՛, արագ քաշե, դուրսը քեզի կսպասեն կոր։

Բարպան ապշած նայելով Հակոբին։ Կարծես թե անոր ըսածը իրեն վերաբերյալ բան չէր:

—Ականջովս լսեցի,— ըսավ Հակոբը,— քեզի կհարցնեին կոր:

Բարպան մուրճը նետեց, գոգնոցը հանեց։

—Գերեզմանոցի կողմեն անցիր, ետևի ճամփաներեն գնա,— շշնջաց հակոբը.

Այդ միջոցին Զարեհ Էֆենդին մտավ արհեստանոց։

—Վա՛յ, դուն դեռ հո՞ս ես,— ըսավ ան Բարպային կեղծ ժպիտով,— ինչպե՞ս կըլլա, Խաչի՛կ, որ քեզ մոռցեր են. կըսեն կոր՝ ազգին բոլոր խելացի մարդիկը բռներ են։

Խաչիկը լուռ և խոր նայեցավ ճիզվիտին, որ ինքզինքին եկավ և ըսավ.