Այս էջը սրբագրված է

ետևեն կուգար, կից մը տվավ անոր և բերանը ծամածռելով սևացած ատամներուն վրա, գոչեց.

-Հայդե՛…

Միհրանը, ոստիկաններուն վերին հարկը եղած միջոցին, սողոսկեր էր սանդուղներեն, մտեր էր պարտեզ և ցանկապատերե մագլցելով անցեր էր ետևի փողոցները։ Անոր նպատակն էր երթալ Նահատը գտնել և ճար մը որոնել փրկելու համար մորեղբայրը։ Մյուս ընկերները չի կային։ Ռահմին Ղարդանելի ճակատն էր, Ռեմզին՝ Գելիպոլու, իսկ Տիրանը՝ բուլգար ձևանալով, բուլգար ընտանիքի մը հետ անցեր էր սահմանը։

Նահատը կրկին հիվանգացեր էր և արյուն կփսխեր։ Երկու երիտասարդները իրարու վիզ նետվեցան և ուրիշ բան չի կրցան ընել, այլ միայն հեկեկալով լալ՝ իրենց ուժերը գերազանցող աղետին առաջ։

                              *
                           *     *
 

Ինտերալին դրոշակը կրող շոգենավը կանգնած Էր Դարդանելի առաջ։ Գիշեր Էր, և վերջին քառորդին մեջ եղող լուսնի մահիկը նոր կբարձրանար հորիզոնին վրա։ Նեղուցին խաղաղ և կանանչորակ ջուրերը, որոնցմե դուրս կկարկառեին, բռունցքներու պես, ընկղմած զրահավորներու մասեր, հազիվ թե լույս կստանային աստղազարդ երկինքեն, բայց անոնց լույծ և հարաշարժ տարածության վրա կերևային տափակ և լեզվաձև թերակղզիներու մթին գիծերը, որոնք միևնույն ատեն անվրդով խաղաղություն և տեսակ մը հուսահատություն կներշնչեին։

Շոգենավը, որ ավստրիացիներեն գրավված պատերազմական ավար Էր, այն փոքր փոխադրանավերեն Էր, որոնց մեջ հազիվ թե երկու կամ երեք խցիկներ կըլլան։ Բայց այդ փոքր նավը խճողված Էր ճամփորդներով, որոնք Կիլիկիո և Սուրիո ափերեն Կ. Պոլիս եկող գաղթականներ Էին։ Անոնք բոլորն ալ բնիկ թուրքիացի Էին, բայց օտար դարձեր Էին իրենք երկրին մեջ։ Անոնք ամենքն ալ պատերազմի զոհեր Էին: